Կրեմլը հերքել է հնարավոր երկխոսության վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հատուկ ուղերձ հղելու մասին Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Շիսոկու Էմբալոյի հայտարարությունը։ Ըստ ТАСС գործակալության՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Գվինեա-Բիսաուի նախագահը պարզապես ցանկություն է հայտնել, որ շփումներ ունենալու դեպքում նա Պուտինի դիրքորոշումը տեղ կհասցնի ուկրաինական կողմին։
Պեսկովը միևնույն ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր շահերն ապահովել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Կիևը լիովին հրաժարվում է դրանից։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը տարածել էր Վլադիմիր Զելենսկիի և աֆրիկյան Գվինեա-Բիսաուի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ վերջինս հետևյալ հայտարարությունն էր արել.
«Երեկ ես Ռուսաստանում հանդիպեցի նախագահ Պուտինին, և նա ինձ խնդրեց խոսել Ձեզ հետ և ուղերձ փոխանցել։ Նա ինձ ասաց, որ պատրաստ է բանակցությունների նախագահ Զելենսկիի հետ», – ասել է Ումարու Շիսոկու Էմբալոն։
Արձագանքելով այս հայտարարությանը՝ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը խոսքերի փոխարեն իրանական 400 անօդաչու է կիրառել Ուկրաինայի դեմ։