ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում Մ.Մ.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով զորամասի ողջ անձնակազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Վարանդա բնակավայրում տեղակայված զորամասում գտնվելիս, տեղեկանալով բնակավայրի արևմտյան կողմում գտնվող Կավաք բարձունքի վրա հակառակորդի զինծառայողների ներթափանցման մասին, նույն զորամասի հրամանատարի տեղակալներ Ա.Ա.-ի, Լ.Պ.-ի և զորահավաքային զորակոչով զորակոչված երկու զինծառայողների հետ մասին, վերջիններիս ավտոմեքենայով, գնացել է նշված բարձունքի ուղղությամբ:
Չհասած Կավաք բարձունքին` Վարանդա-Տող ավտոճանապարհի և Ակնաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում, կանգնեցրել են ավտոմեքենան, որից հետո սկսել են տեղանքում դիտարկում կատարել, ինչի արդյունքում հիշյալ բարձունքի վրա դիտարկել են հակառակորդի` բարձրացող զինծառայողների:
Բացի այդ, ձախ կողմում` Բախտիչ բարձունքի վրա, դիտարկել են հակառակորդի զինծառայողների, որոնց մի մասը միաշարասյուն շարժվել է իրենց ուղղությամբ: Լ.Պ.-ն և Ա.Ա.-ն հակառակորդին դիմադրություն ցույց տալու համար դիրքավորվել են ու սկսել են կրակ վարել հակառակորդի ուղղությամբ, իսկ Մ.Մ.-ն հայտնել է, որ վերադառնում է զորամասի մշտական տեղակայման վայր` օգնական ուժեր բերելու պատրվակով: Այնուհետև` ժամը 11:00-ից 12:00-ի սահմաններում, հակառակորդի հետ զինված ընդհարման տեղամասը լքելու դիտավորությամբ, Մ.Մ.-ն պահեստազորից զորակոչված երկու զինծառայողների հետ միասին, վերջիններիս ավտոմեքենայով, ուղևորվել է դեպի զորամասի մշտական տեղակայման վայր, սակայն զորամասից շուրջ 500 մետր հեռավորության վրա պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որից դուրս գալուց հետո թաքնվել է ինչ-որ շինությունում և, զորամասի մշտական տեղակայման վայր չգնալով, զանգահարել է Լ.Պ.-ին և հայտնել, թե իբրև մշտական տեղակայման վայրում գտնվող զինծառայողները հրաժարվել են նրանց օգնության գնալ, որպիսի գործողություններով հակառակորդի հետ ծավալված մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը՝ մեկ օր մնալով թաքստոցում, որից հետո գնացել է Մարտունու շրջանի՝ հակառակորդի առաջխաղացման հակառակ ուղղությամբ:
Վերոգրյալ առերևույթ հանցանքի կատարման համար Մ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասին): Քրեական վարույթի նախաքննությամբ հավաքված ապացույցները գնահատելով և հանգելով հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է՝ մեղադրյալին և պաշտպանին հայտարարվել է քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին ու կազմվել է մեղադրական եզրակացություն՝ այն քրեական վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին հանձնելու և նրա հաստատմամբ դատարան ուղարկելու նպատակով: