Այս տարվա ապրիլի 20-ին՝ ժամը 14։19-ին, ՀՀ կառավարությունը լրատվամիջոցներին մի հաղորդագրություն էր ուղարկել, որում ներկայացված էր այն ելույթը, որ նա ունեցել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանը նշել էր. «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարեւոր հայտարարություն»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարեւոր հարցերի շուրջ, այդ թվում՝ կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացների շուրջ: Սակայն երբ նրա այս հայտարարության շուրջ աղմուկ բարձրացավ մասնավորապես ադրբեջանցիների կողմից եւ գուցե Կրեմլի կողմից զանգից հետո ՀՀ կառավարության կայքում լուրը խմբագրվել է. նշվել է, թե համաձայնությունը կապված է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության» հետ։ Պարզվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է։ Փաստորեն, նա ոչ միայն Հայաստանի ներսում ՀՀ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար է մանիպուլյացիոն հայտարարություններ անում, այլ նաեւ միջազգային հարթակներում է ստում եւ մեր երկրի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնում։
Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված եւ սեպտեմբերին Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկն ու, իր ասելով, նոյեմբերին կստանձնի պետնախարարի պաշտոնը։ Արցախի նախագահը նման առաջարկով դեռ կես ամիս առաջ՝ հոկտեմբերի 2-ին էր հանդես եկել, Վարդանյանը, սակայն, իր պատրաստակամության մասին օրերս է հայտարարել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ պատահական չէ, որ գործընթացն այդքան երկար է տեւել։ Սովորաբար պաշտոնի նշանակվում, ապա նոր միայն հայտարարում են այդ մասին, այլ ոչ թե «առուն չթռած՝ հոպ ասում»։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագահ Հարությունյանը Վարդանյանին ասել է, որ եթե նա կարողանա իրեն լավ դրսեւորել այդ պաշտոնում, ապա լիազորությունների մեծ շրջանակ կվերապահի գործարարին։ Հարությունյանի առաջարկից ոգեւորված Վարդանյանը «լիազորությունների լայն շրջանակի» մեջ նաեւ Արցախի կառավարման ֆինանսական մասն է պատկերացրել ու ցանկացել դրա տնօրինմամբ նույնպես զբաղվել։ Հարությունյանը, սակայն, դրա հետ չի համաձայնել, ու այդ միջադեպ-խոսակցությունն էլ հենց գործընթացի ձգձգման պատճառ է դարձել։ Ի վերջո, նախագահ Հարությունյանն ու գործարար Վարդանյանը միմյանց հետ պայմանավորվելիս ազդեցությունների գոտիներն են բաշխել, որոշվել է «լիզորություննեի լայն շրջանակից» հանել բյուջեի տիրապետման գործառույթը եւ ուժայինների կառավարումը, ինչից հետո Արցախ տեղափոխված գործարարին պաշտոնի են նշանակել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչդատական վարույթներ քննող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ իրավապահ համակարգն ուշագրավ գործընթաց է սկսած եղել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցները սկսել են ուսումնասիրել դեռ տարիներ առաջ դատարանների կողմից կայացված դատական ակտերը: Առաջին հերթին վերջիններս ուսումնասիրել են բոլոր այն ակտերը, որոնց մասով ունեցել են կասկածներ, թե դատավորն, օրինակ, այս կամ այն քրեական գործով ինչ-ինչ շահագրգռվածություն է ունեցել եւ նման որոշում է կայացրել: Արդյունքում անգամ նախաքննական մարմիններ են հրավիրվում տարիներ առաջ դատարանի կողմից ազատ արձակված անձինք եւ տեղեկացվում, որ նախաքննական մարմիները ստուգում են տարիներ առաջ իրենց մասով հրապարակված դատական ակտերը: Դատելով իրավիճակից՝ ուժային կառույցները դատական համակարգի որոշումների մասով կասկածներ ունեն եւ որս են սկսել դատավորների նկատմամբ: Իսկ թե ով կլինի Արուսյակ Ալեքսանյանից հետո, ցույց կտա ժամանակը. հետեւենք զարգացումներին։
«Դայակ պետության հաշվին» ծրագիրը չի գործում. այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել ծրագրին, քանի որ այն այս տարվա հունվարի 1-ից դադարեցված է: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ տեւական ժամանակ է, ինչ ահազանգեր է ստանում երիտասարդ մայրերից: Նրանց մեծ մասը համոզված է, որ նախարարությունը դադարեցրել է ծրագիրը ֆինանսավորում չունենալու պատճառով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտարարում են, որ այն վերախմբագրման փուլում է: «Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից հայտնեցին նաեւ, որ դադարեցվել է ոչ միայն «Դայակ պետության հաշվին», այլ նաեւ զվաղվածության պետական աջակցության մի շարք ծրագրեր: «Ունենք գործող ծրագրեր, որոնք մեկնարկել են, բայց կոնկրետ թիրախային խմբերի զբաղվածության ապահովմանն են ուղղված: Օրինակ՝ հիմա ունենք ծրագիր, որը նախատեսված է 2016 եւ 2020 թվականների պատերազմի մասնակիցների համար: Հիմնական շեշտադրումը պատերազմից հետո այդ ուղղությամբ է եղել»,- փոխանցեց սոցապ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը: Նշենք, որ այս ծրագրից օգտվել են մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչեւ երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այսինքն՝ ձեր երեխային խնամում էր դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում էր պետությունը։