«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
-Սեպտեմբերի 13-ի՝ հակառակորդի կողմից իրականացված էսկալացիայից ավելի քան մեկ ամիս է անցել, ու այս ընթացքում ամենատարբեր կառույցների, միջազգային ընկերությունների ու պետությունների կողմից տարաբնույթ գնահատականներ են տրվել: Ի՞նչ կարող ենք փոխանցել հասարակությանը, իշխանությունն ի՞նչ քայլեր է անում, որ անհաստատ իրավիճակի վերջն ի վերջո երեւա:
-Ինչպես տեղյակ ենք, լարվածություն դեռ կա, բայց Հայաստանի իշխանությունը, մեր դիվանագիտական կորպուսը հնարավոր ամեն բան անում են: Ազգային ժողովի պատգամավորներն իրենց միջազգային գործընկերների հետ են աշխատում, ու, ըստ իս, որոշակի դրական տեղաշարժ գրանցել ենք:
-Օրերս էլ ՀԱՊԿ-ն է հայտարարություն տարածել, որ մեկ ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքից 127 քառակուսի կմ է օկուպացրել: Այս հայտարարությունից հետո ի՞նչ սպասել:
-ՀԱՊԿ-ին հենց այդ հիմքով էլ դիմել էինք, որ Ադրբեջանը մտել է Հայաստանի սուվերեն տարածք ու օր առաջ պետք է իր զորքերը դուրս հանի, բայց դեռ լուրջ շարժ չենք նկատել: Բայց այն, որ աշխատում ենք այդ ուղղությամբ, փաստ է: Այն օրակարգը՝ «խաղաղության», որ որդեգրել ենք, հենց դրան է միտված, որ Ադրբեջանը դուրս գա ՀՀ տարածքից, նստենք բանակցությունների սեղանի շուրջ ու քննարկենք, գտնենք տարածաշրջանում խաղաղության հասնելու բանաձեւերը, ելքերը: ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ գործողություններ չեն եղել, բայց ինչպես տեղյակ եք, դիտորդներ են գալու, ծանոթանան ստեղծված իրավիճակին, իրենց գնահատականը տան ու կանգնեն սահմանի երկայնքով:
-Եվրոպան ասում է՝ դիտորդներ կուղարկի, որ կանգնեն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, Ռուսաստանն էլ Լավրովի շուրթերով խոսում է սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու անհրաժեշտության մասին: Այս իրավիճակում ո՞ւմ կողմն է թեքվելու պաշտոնական Երեւանը:
-Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին որքան շատ ներկայացուցիչներ լինեն, այնքան մեր երկրին է օգուտ: Նրանք բոլորը կտեսնեն իրական պատկերը, ու միջազգային հանրությունը կտեսնի՝ ինչ է կատարվում: Իմ կարծիքով՝ երկուստեք կարող են սահմանին լինել ու իրավիճակի գնահատականը տալ:
-Իսկ դիտորդներն ինչպե՞ս են կանգնելու սահմանին՝ մինչեւ 2022-ի սեպտեմբերի 13-ին եղած կարգավիճակո՞վ, թե՞ արդեն իսկ առկա վիճակով: Այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնվելու է, ապա նո՞ր են դիտորդներ տեղակայվելու:
-Անկեղծ ասած, նրբություններին տեղյակ չեմ, թե ինչպես ու որտեղ, ինչ եղանակով են տեղակայվելու: Այդ հարցի մանրամասներից ԱԺ պաշտպանության ու անվտագնության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորները գուցե տեղյակ լինեն:
-Պարո՛ն Սարուխանյան, ինչքան էլ Դուք ասում եք, որ իշխանության ջանքերի շնորհիվ որոշակի տեղաշարժ կա, ու միջազգային կառույցները սկսել են հասցեական արձագանքել, բայց ընդդիմադիրներն ու հասարակության մի ստվար հատված շարունակում է պնդել, որ հեռանաք իշխանությունից, իրենք գան, բանակցեն:
-Նրանք միայն ասում են՝ իշխանությունը մեզ տվեք, բայց չեն ասում՝ երբ իշխանության գան, ի՞նչ են անելու, ինչպե՞ս են բանակցելու: Ի՞նչ ասել է «ավելի լավ բանակցել». իսկ նրանք ի՞նչ գիտեն, որ այժմ ավելի վատ է բանակցվում, ի՞նչ գիտեք ստեղծված իրավիճակը՝ իր բոլոր նրբություններով: Այսքան ժամանակ ես ընդդիմության կողմից կոնկրետ առաջարկ չեմ լսել: Ընդդիմադիրներին մեկ անգամ չէ, որ հարցրել են՝ ենթադրենք իշխանության եք գալիս, նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարո՞ղ եք չեղարկել կամ ո՞ր կետն եք չեղարկելու: Նրանց կողմից հստակ, կոնկերտ առաջարկ չի եղել:
-Ասում են՝ իշխանության կգանք, ապա նոր միայն կխոսենք այս մասին:
-Այսինքն՝ հասկանալի է, չէ՞, որ նրանց ցանկությունը միայն իշխանության գալն է ամեն կերպ ու ամեն գնով: Իսկ գործող իշխանությունը ստեղծված իրավիճակին շատ ավելի լավ է տիրապետում ու բոլոր նրբությունները գիտի, շատ ավելի լավ էլ բանակցում է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԻՆՉՈ՞Ւ Է ՀԵՌԱՑԵԼ ՍԱՇԱ ԿԱՏՎԱԼՅԱՆԸ
Երեկ հայտնի դարձավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն աշխատանքից ազատման մասին դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Իհարկե, առաջին հայացքից նորմալ կարող է թվալ վարչական շրջանի ղեկավարի՝ աշխատանքից ազատվելը, սակայն իրականում նրա դիմումի նախապատմությունը հին է, եւ վերջինիս իշխանությունները պարզապես չներեցին։
Իսկ ինչի՞ մասին է խոսքը. խոսքը նրա՝ սեպտեմբերի 21-ի գրառման մասին է։ Հենց այդ օրն էին ոստիկանները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնի ուժով բերման ենթարկել անհետ կորած զինծառայողների ծնողներին։ Այդ օրը նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. ««Եռաբլուրում» որեւէ ակցիայի իրականացումը երբեւէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ «Եռաբլուրը» քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ եւ շատ վատ ձեւով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»:
Հենց այս գրառումից հետո նրա հարաբերությունները լարվել են ՔՊ-ականների հետ։ Ըստ էության, նրան ճնշելով են հասցրել այս դիմումին։ Նրան դատապարտող գրառման համար պարզապես չներեցին:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ
2022 թվականի տարվա վերջի դրությամբ պետական պարտքը կկազմի 4 տրլն 490 մլրդ դրամ։ Մեկ տարվա ընթացքում աճը կկազմի 60 մլրդ դրամ կամ 1.3%: Այս թվերն առկա են 2023 թվականի պետական բյուջեում: Արդեն 2023 թվականին կանխատեսվում է, որ պետական պարտքը կավելանա եւս 389 մլրդ դրամով կամ 8.7%-ով:
Այսպես, ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքը օգոստոսի վերջին կազմել է 4 տրլն 44.5 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ նվազելով 385 մլրդ դրամով կամ 8.7%-ով։ Արտաքին պարտքը նվազել է 20.3%-ով, իսկ ներքին պարտքն ավելացել է 21.1%-ով։
Չնայած որ պարտքը շարունակել է աճել դոլարային արտահայտությամբ, սակայն կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է, քանի որ հաշվարկներն արվում են ՀՀ դրամով։ Մյուս կողմից էլ՝ ՀՆԱ-ն ավելի արագ է աճել, քան պետական պարտքը:
ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահման վայրերում հնարավոր է կառուցվածքային փոփոխություններ լինեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ ոստիկանությունն է հանրային քննարկման դրել:
Ըստ ոստիկանության՝ ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում արձանագրվում են մարդու իրավունքների այնպիսի խախտումներ, որոնք ուղղակի կապված են շինարարական առանձնահատկությունների հետ։
Պարզվում է, որ ՁՊՎ-ներում աստիճանների թեքահարթակներ չկան, զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, խցերի պատուհանները փոքր են, ինչի պատճառով խոչընդոտվում է բնական լուսաթափանցելիությունը եւ օդափոխությունը, բուժզննության սենյակները համատեղված են այլ նշանակության սենյակների հետ, տեսակցության սենյակը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին՝ չի ապահովվում պահվող անձի եւ տեսակցողի ֆիզիկական շփումը: Բացի այս, զբոսաբակերը չունեն ծածկեր, որոնք կպաշտպանեն արեւի ուղիղ ճառագայթներից ու տեղումներից, խցերում արհեստական լուսավորությունը գիշերային ժամերին թուլացնելու հնարավորություն չունի՝ պահվող անձանց քունը չխանգարվելու համար, հանձնուքների ընդունման համար սենյակներն առանձնացված չեն, հիվանդներին, հղի եւ իրենց մոտ անչափահաս երեխա ունեցող կանանց պահելու համար առանձնացված խցերն ապահովված չեն տաք ջրով: Այս խնդիրները լուծելու նպատակով ոստիկանությունն առաջարկում է առանձին իրավական ակտով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինությանն առչվող առանձնահատկությունները ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից առաջարկվող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: