ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Նախօրեին հանդիպեցինք Կանադայի ներկայացուցիչների պալատի նախագահ Էնթոնի Ռոտայի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Կանադայի պառլամենտական կենտրոնը։
Շատ լավ առիթ էր ոչ միայն խոսելու մեր երկու երկրների խորհրդարանների մասին, այլեւ բարձրաձայնելու Հայաստանին եւ Արցախին պատուհասած վտանգները:
Հանդիպմանը ընդգծեցի, որ՝
– Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ,
– հետեւողականորեն իրականացնում է պատերազմական հանցագործություններ, որոնց համար աշխարհի կողմից արժանանում է ընդամենը անհետեւանք դատապարտումների,
– անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ուստի ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Կանադային, խնդրում եմ Ադրբեջանի նկատմամբ սահմանել կոնկրետ պատժամիջոցներ։
Շնորհակալություն հայտնեցի Կանադային՝
– Դաշնային օրենսդիր (2004 թ.) եւ գործադիր իշխանությունների մակարդակներով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու,
– Արցախի անկախությունը ճանաչելու հարցը խորհրդարանական մակարդակով քաղաքական դիսկուրս մտցնելու,
– 2020թ. պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 5-ին, դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների կասեցման համար։
Ինչպես գիտենք, կանադական ընկերությունը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային` Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերում դուստր ձեռնարկության` Rotax-ի կողմից արտադրված որոշ ավիաշարժիչների` պատերազմի ընթացքում օգտագործման պատճառով։
Կանադայի մեր գործընկերոջը ահազանգեցի, որ մոտ 130 հազար բնակիչ ունեցող Արցախին այս ծանր իրավիճակում մենակ թողնելը լինելու է հանցագործություն. Արցախի ժողովուրդն ունի աշխարհի աջակցության կարիքը, եւ բոլորից ակնկալում ենք Ադրբեջանի նոր ցեղասպանության կանխարգելում։
Քննարկեցինք նաեւ ժողովրդավարության մարտահրավերներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերելի մի շարք այլ հարցեր»։
ԿՄԵԿՆԵՆ ԲԻՇՔԵԿ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը եւ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 26-ից 27-ը աշխատանքային այցով կլինեն Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետությունում: ԿԸՀ անդամներին հրավիրել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեքաչին՝ մասնակցելու «Ընտրական առաջարկությունների կատարման լավ պրակտիկան» կլոր սեղանին։
Կլոր սեղանը ընտրական փորձագետներին, դիտորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ համապատասխան պաշտոնատար անձանց հնարավորություն կընձեռի քննարկել ընտրություններին առնչվող մարտահրավերներն ու առկա լավ փորձը:
ՓԱՍՏԱՑԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարիքների գնահատման առաքելությունն այցելել է Ջերմուկ:
Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը՝ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո։
Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը անմիջապես տեղում։
ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Արտյոմ Սուջյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական:
Արտյոմ Սուջյանը 2022 թվականից զբաղեցնում էր նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդականի պաշտոնը:
ՊԱՏԱՍԽԱՆ
Երեկ «Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր հրապարակել, թե ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, եւ նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում։ ArmLur.am-ը այս հարցով զրուցեց հենց Կոնստանտին Զատուլինի հետ, եւ չնայած նա շտապում էր հեռուստաեթերի, սակայն տեղեկություն փոխանցեց իր շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Նամակը ստացել եմ Հայաստանի Հանրապետության ԱԺ արտաքին կապերի վարչության պետից։ Բառացի չեմ կարող հիշել, բայց նշված էր, թե իմ հայտարարությունները վնաս են հասցնում Հայաստանին: Այն ստացել ենք այսօր առավոտյան»,- նշեց Զատուլինը։
Վերջինս ընդգծեց, որ անցյալ շաբաթ իրենք նամակներ են ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրա տեղակալին եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ նրանց հրավիրելով մասնակցելու Լազարյան ակումբի նիստին, որը նպատակ ունեին անցկացնել հոկտեմբերի 28-29-ին Երեւանում կլոր սեղանի շուրջ՝ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով: Եվ, փաստորեն, ստացվում է, որ նա չի կարող գալ Հայաստան եւ մասնակցել այդ նիստին։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է
Սեպտեմբերի 14-ից սկսած Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար. «Թվիթեր»-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարը Բաքվի պահվածքը անմարդկային եւ անընդունելի է համարել։
Աստանայում հոկտեմբերի 14-ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել էր՝ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը։
«Իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող միջդիրքային գոտիներում», – ասել էր գործադիրի ղեկավարը՝ նշելով, որ պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ «Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», – ասել էր Փաշինյանը։
Փաշինյանի հայտարարությունից հինգ օր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց. «Բաքուն մինչեւ այս պահը խոչընդոտում է որոնողական աշխատանքներին»։
Վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով անհետ կորած է 29 մարդ։