ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ 467 ՎԵՐԵԼԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են: Երեւանի քաղաքապետարանն այս տարի ծրագրում նախնական ներառել էր 426 վերելակ: Շուրջ 300-ն արդեն տեղադրվել է, անցել ԱԻՆ-ի համապատասխան փորձաքննություն եւ շահագործվում է, մյուս մասը տեղադրման եւ կարգավորման փուլում է:

 

«Քաղաքապետի հանձնարարությամբ, բացի 426 վերելակից, այս տարվա բյուջեում ավելացրել ենք ծրագրի ծավալը մոտ 10 տոկոսով՝ 41 նոր վերելակ: Այդպիսով, այս տարի քաղաքում կունենանք ընդհանուր 467 փոխված վերելակ»,- ասում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը: Ամեն վերելակի տեղադրում մոտ 1 ամիս ժամանակ է խլում մասնագետներից. գործը պետք է արվի հատուկ ճշգրտությամբ: Նոր վերելակները հարմարեցված են նաեւ սահմանափակ կարողություններով անձանց համար. դռների լայնությունը հնարավորություն է տալիս ազատորեն վերելակ մտնել սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար են: «Վերելակներն ունեն նաեւ նոր UPS համակարգեր, որոնք հոսանքազրկման դեպքում կարող են մեկ հարկ բարձրացնել կամ իջեցնել վերելակն ու բացել դռները: Որեւէ քաղաքացի խցիկում չի մնա»,- նշում է վերելակների ներկրմամբ եւ տեղադրմամբ զբաղվող Լեւոն Ավետյանը: Նոր վերելակները նաեւ մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը:Վերելակը տեղադրելուց հետո կապալառու կազմակերպությունը 1 տարի պարտավոր է տեխնիկական սպասարկում իրականացնել, սակայն ընթացիկ սպասարկումը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իրականացվում է համատիրությունների վերելակային ծառայությունների միջոցով:

«Նոր տեղադրված վերելակները հաճախակի խափանվում են». երբեմն դժգոհում են քաղաքացիները: Քաղաքապետարանում նշում են, որ որոշ հասցեներում կարգավորման խնդիրներ իսկապես լինում են, որոնք արագորեն լուծվում են, բայց շատ դեպքերում բնակիչները հենց իրենք են վնասում սարքավորումը: «Ունենք նաեւ ավանդական դարձած մի խնդիր. բնակիչները երբեմն աստիճանավանդակները մաքրում են, աղբը նետում են վերելակի հորան, դրանից հետո նաեւ ջրում են: Եթե այդ պահին վերելակը գտնվի իրենց հարկից ներքեւ, վստահաբար կարող եմ ասել, որ շատ կարճ ժամանակում այդ վերելակը շարքից դուրս կգա: Պետք է խնդրեմ, որ ավելի խնամքով վերաբերվեն, փորձարկումներ չանեն»,-նշում է Արսեն Կարոյանը: Տարեկան ծրագրի իրագործումից հետո քաղաքում դեռեւս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: Համայնքը նախատեսում է ծրագիրը շարունակել նաեւ հաջորդ տարի ավելի մեծ ծավալներով, թեեւ, ըստ օրենքի, վերելակների շահագործումը, նաեւ փոխարինումը բնակչի խնդիրն է՝ որպես բաժնային ընդհանուր սեփականություն:

«2023-ի համար արդեն իսկ հավաքվել եւ ամփոփվել են տվյալները, որպեսզի եւս 700 վերելակ փոխարինենք: Սա վերելակային տնտեսության մեծ թարմացման վկայությունն է»,-նշում է կոմունալ տնտեսության վարչության պետը: Վերելակների փոխարինման ծրագիրը Երեւանում միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ բնակիչների անվտանգություն, հարմարավետություն եւ սոցիալական բեռի թեթեւացում:

 

 

22,6 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ՎԱՐԿ՝ ՀՀ-ԻՆ

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը 22,6 միլիոն եվրո գումարի չափով լրացուցիչ վարկ կտրամադրի կրթության ոլորտը բարելավելու համար։

Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ վարկային համաձայնագրի միջոցով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում եղած ուղղությունները՝ 5 փունջ գործողություններ, որոնք լիովին համահունչ են Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին։

«Առաջին գործողությամբ 4 ավագ դպրոց կհիմնանորոգվի եւ կվերակառուցվի, կհամալարվի անհրաժեշտ գույքով։ Խոսքը Երեւանի թիվ 139 ավագ դպրոցին, Աշտարակի, Արտաշատի եւ Վանաձորի ավագ դպրոցների մասին է։

Երկրորդ գործողությամբ, կարիքների գնահատման հիման վրա, 200 հանրակրթական  կրթական հաստատություններում նոր լաբորատորիաներ կհիմնվեն։ Կառավարության ծրագրով մինչեւ 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում պետք է ստեղծել ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներ։ Նախորդ ծրագրով 107 դպրոցներում այդպիսի լաբորատորիներ ստեղծվել են։ Երրորդ գործողությամբ պետք է ստեղծվի 80 նախակրթարան։ Նախատեսվում է նախակրթարանների տարածքի վերանորոգում, անհրաժեշտ գույքի եւ սարքավորումների ձեռքբերում, նախակրթարանում ընդգրկված դաստիարակի վերապատրաստում։ Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին։ Չորրորդ գործողությամբ կնույնականացվեն եւ կփորձարկվեն տվյալների վիզուալիզացիայի գործիքները եւ առանձնահատկությունները։ Խոսքը կրթության կառավարման տեղեկատվական համակարգի արդյունավետության բարձրացման մասին է։

Հինգերորդ խումբ գործողությունները ուղղված են բարձրագույն կրթության համակարգին։ Նախատեսվում է, որ ԳՏՃՄ (STEM)  հինգ ծրագրեր կիրականացվեն, որը կնպաստի բուհերի կրթական գործունեության որակի եւ արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը, կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներդրմանը, ինչպես նաեւ աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը»,- ասաց Մարտիրոսյանը։

 




Լրահոս