ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 ԻՑ 23 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի հունիսի 14-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. ««Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննությունը բացված է, եւ Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաեւ ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն եւ պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն, եւ բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար»: Ի վերջո, ընտրողները տվեցին այդ քվեն։ Այսօր 1999 թվականի «Հոկտեբերի 27»-ի պետական ահաբեկչության 23-րդ ողբերգական տարելիցն է, եւ չնայած 2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական գործը (այսուհետ՝ վարույթ) վերաբացվեց, սակայն 23 տարի անց գործը բացահայտված չէ:  Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին ուժային կառույցների իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերաբացումից հետո՝ անցած տարի, քրեական գործով հարցաքննվել է ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը: Բացի նրանից, հարցաքննվել են նաեւ նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, ոճրագործության մյուս մասնակիցներ Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը եւ ահաբեկչությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: Ի՞նչ ունենք վերաբացումից հետո. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանը հայտնեց, որ քրեական գործի վերաբացումից հետո իրեն երկու անգամ ԱԱԾ-ում հարցաքննության են հրավիրել, որից հետո որեւէ այլ բան չի արվել, եւ գործը բացահայտված չէ. «Ոչինչ չի արվել, ես տեղյակ չեմ, ինձ հայտնի չէ՝ ինչ է արվել: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարտավոր է խոսել այս մասին եւ  պատասխանել իմ բաց նամակին։ Ինքը պարտավոր է, քանի որ այդ որոշումը, անկախ, թե ինչ-ինչ յանն է գրել, դա ՀՀ -ի գլխավոր դատախազի ստորագրությունն է, կնիքը, եւ վերջ»:

Տիկին Բախշյանի գնահատմամբ՝ մինչ «Հոկտեմբերի 27» -ը բացահայտելը Նիկոլ Փաշինյանը, լինելով «Մարտի 1»-ի տուժող, ինքը պետք է  շահագրգիռ լիներ  «Մարտի 1»-ի բացահայտմամբ. «Վերսկսենք «Մարտի 1»- ից. ինքը, լինելով իրադարձությունների կենտրոնում գտնվող մարդ, պետք է շահագրգիռ լիներ՝ մարտի  մեկը  բացեր.  չբացվեց: Ինչի՞ մասին  է սա ասում. Հայաստանում  չկա արդարադատություն, եւ այդ  նշանակում է՝ իշխանության  ամենակարեւոր  թեւը՝ արդարադատությունը, չի  գործում, չհեղափոխությունից  հետո  էլ  չկա, եւ  այդտեղից բխում են մեր  բոլոր դժբախտությունները։ «Մարտի 1»-ը պետք է բացահայտվեր, քանի  որ  դա շատ ավելի  շատ  ակնհայտ ու  հեշտ էր, քան «Հոկտեմբերի 27»-ը, քանի որ  «Հոկտեմբերի 27»-ի մեջ  արտաքին խաղացողները շատ  են: Մեղրիի միջանցքի մասին «Հոկտեմբերի 27»-ից առաջ  խոսել են, եւ  այսօր  մենք այդ իրականության  մեջ ենք,  թե  ինչպես են բացահայտ  Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա  պահանջում  միջանցք, որին  կատեգորիկ  դեմ են եղել Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը, անվտանգության խորհրդի նիստի  ժամանակ դուռը շրխկացրել, դուրս են  եկել:

Ի՞նչ  է  նշանակում՝ երկու տարի փող տանք, բայց  զենք չստանանք:

Անձամբ ես իրեն  ընտրել եմ  որպես  ժողովրդավարության տեսակետ ընկալող մարդու,  բայց միշտ չէ, որ  ինքը  իր այդ սկզբունքներին  հավատարիմ է մնացել»:

Այսպիսով, տիկին Բախշյանի խոսքով՝ բազմաթիվ հարցեր  չունեն իրենց պատասխանները, եւ  ամենակարեւորը՝ «Հոկտեմբերի 27»-ի իրական կազմակերպիչներն ու պատվիրատուները  մինչ օրս բացահայտված չեն: «Ես կմեռնեմ, կգնամ, բայց այդ օրը չեմ տեսնի, որ բացահայտվի գործը»,- ասաց Անահիտ Բախշյանը:

 

 

 

Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչեւ տարեվերջ: Երեկ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին: «Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ եւ կցանկանամ, որ այն կնքվի մինչեւ այս տարեվերջ: Ինչքանո՞վ է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ հետեւյալ կերպ՝ ես եւ կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս  ունենք, եւ դա կարեւոր նրբություն է, որ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանո՞վ է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմանները, ըստ էության, հայտնի են»,-ասաց Փաշինյանը:  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին խորհրդարանում Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը տեւական խաղաղություն եւ անվտանգություն կապահովի Հայաստանի համար 29,800 կմ քառակուսի տարածքում։ Ժամեր անց հերքել էր իրեն. «Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից, երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- գրել է վարչապետը։ Եվ, ահա, մեկ ամիս անց էլ նա հայտարարեց, թե ամեն դեպքում խաղաղության պայմանագիր ստորագրվելու է: Ստացվում է՝ հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի «բիզնեսդասային» թռիչքը դուր չի եկել նաեւ իշխանական էլիտային: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆրանսիայից Հայաստան վերադարձող Կոնջորյանը ինքնաթիռի «Բիզնես» դասի հատվածում է նստած եղել, ինչը թե՛ գործադրի, թե՛ օրենսդրի անդամների համար քննարկման իրական ու լուրջ թեմա է դարձել: Մասնավորապես՝ իշխանականներին դուր չի եկել հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ թիկնապահներով ու ուղեկցողներով մեկտեղ, «Էկոնոմ» դասում է նստել, Կոնջորյանը առոք-փառոք «Բիզնես» դասում է տեղավորվել: «ՔՊ-ականները Կոնջորյանին սաստել են անգամ, թե՝ ֆայմեիր, տեղդ տիկին Հակոբյանին զիջեիր. ի՞նչ պարտադիր էր՝ «Բիզնես» դասում նստեիր»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի մերձիշխանական աղբյուրը: Մեր տեղեկություններով՝ խորհրդարանի իշխանական խմբակցության ղեկավարի հետ այդ մասով սաստիչ խոսակցություն է ունեցել  ԱԺ ղեկավարությունը: «Կոնջորյանին սաստիչ «մեսիջներ» են եկել նաեւ կառավարական կաբինետից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի անունից»,- ասաց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Կոնջորյանն արդարացել է, թե ինքնաթիռի «վիփ» ավիատոմսն ավելի էժան՝ մոտ 400 հազար դրամ է եղել, իսկ էկոնոմը՝ 600 հազար դրամ, թեպետ միշտ լինում է ճիշտ հակառակը: Միջադեպի մասին «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաեւ Հայկ Կոնջորյանի մեկնաբանությունը լսել: Նրա օգնականին փոխանցեցինք, որ լուրն առանց Կոնջորյանի մեկնաբանության չէինք ցանկանա գրել: Օգնականն ասաց, որ մեր հարց-խնդրանքը նրան կփոխանցի, Կոնջորյանը, սակայն, մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեց: Ի՞նչ է ստացվում. Հայաստանն այս օրերին պետականության ու ինքնիշխանության լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, իսկ իշխանական «էլիտան» ինքնաթիռում յուղոտ տեղերում նստելու համար ինքն իր մեջ կռիվ է տալիս:

 

 

 

Ծովագյուղ գյուղի կառավարման հարցը լուծվել է, բայց ոչ ծովագյուղցիների սրտով: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ Ծովագյուղ համայնքի վարչական ներկայացուցիչ նշանակվել է Սեդա Մինասյանը, որը նախկինում աշխատել է գյուղապետարանի աշխատակազմում: Տեղեկացնենք, որ մինչ այս Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը պարալիզացված էր. Ծովագյուղը վարչական ներկայացուցիչ չուներ: Նախկին համայնքապետ Վահրամ Գեւորգյանը չէր ցանկանում նշանակվել որպես վարչական ներկայացուցիչ, նա եւ իր համագյուղացիները պահանջում էին Ծովագյուղին չխոշորացնել: Նշենք, որ անորոշ կարգավիճակում էր ոչ միայն Ծովագյուղը, այլեւ Սեմյոնովկա համայնքը: Սեմյոնովկայի վարչական ներկայացուցիչ նշանակվել է նախկին գյուղապետ Դավիթ Մնացականյանը: Հիշեցնենք՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Սեւանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան: Այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ էին համայնքների միացմանը, խոշորացմանը: Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի բնակիչները ցանկանում էին միավորվել իրար, այլ ոչ թե Սեւան համայնքին, բայց, արի ու տես, կառավարությունն այս հարցում  հաղթեց ծովագյուղցիներին:

 

 




Լրահոս