ՀԱՍՑԵԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՊԿ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Պետերբերուգում, ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում՝ օրերս, ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարել է՝ անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք:

 

Խաչատրյանն, ի դեպ, ՀՀ պաշտոնյաներից առաջին պաշտոնյան է, որ հրապարակել է այս թիվը: Մինչեւ նա, նշենք, վարչապետը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետեւանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։

Սեպտեմբերյան մարտերից մեկուկես ամիս անց Պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել եւ չպարզաբանել, թե սեպտեմբերին քանի դիրք է անցել ադրբեջանական զինուժի հսկողության տակ, որտեղ են տեղակայված դրանք, ռազմավարական ինչ նշանակություն ունեն, մինչդեռ սեպտեմբերյան հարձակումից մեկ շաբաթ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանագծում՝ Մռավի սարերից մինչեւ Արաքս, իրենք դիրքային առավելություն ունեն։ «Ժողովուրդ» օրաթերթը Խաչատրյանի՝ Պետերբուրգում հնչեցրած հայտարարությունը ԱԺ ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի հետ քննարկեց:

-ՀԱՊԿ-ում հնչած հայտարարությունից ի՞նչ ենթադրենք. սա պարզապես հայտարարությո՞ւն է, թե՞ որոշակի գործողություններ, այնուամենայնիվ, կլինեն:

-Սա, իհարկե, պարզապես հայտարարություն չէ, հստակ, հասցեական հայտարարություն է, ինչին պետք է հաջորդի գործընթացի հաջորդ փուլը, այն է՝ ՀԱՊԿ-ը ինչ գործիքակազմ պետք է օգտագործի, որ Ադրբեջանն իր զորքերը դուրս բերի Հայաստանի սուվերեն տարածքներից:

-Բայց ինչպե՞ս՝ բանակցություններո՞վ, ռազմական գործողություններո՞վ…

-Ռազմական գործողությունը որպես ամենավերջին տարբերակ եմ քննարկում, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունն առաջանա: Կարծում եմ՝ կա հնարավորություն, որ բանակցությունների միջոցով լուծվի այդ հարցը, ու հակառակորդը դուրս գա մեր տարածքներից: Առաջիկայում մենք պետք է սահմանագծման ու սահմանազատման խնդրին առնչվենք, հետեւաբար հենց այդ կոնտեքստում էլ, որպես գործընթացի առաջին քայլ, պետք է ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից:

-Այսինքն՝ ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ տարածքից, հետո նո՞ր երկխոսենք նրանց հետ:

-Կարծում եմ, այո, կարող ենք նման պահանջ դնել, հետո նոր երկխոսություն սկսենք, բայց կարող է, օրինակ, Ռուսաստանի միջնորդությամբ հիբրիդային մի տարբերակ գտնվի, որ սահմանազատում-սահմանագծումն իրականացվի ադրբեջնական զորքերի դուրսբերմանը զուգահեռ: Այսինքն՝ առաջինն այդ հատվածներում արվի սահմանազատում, սահմանագծում, ապա նոր անցնեն մյուս հատվածներին:

-Վերջերս հասարակության ներսում տպավորություն ու տրամադրություն է ստեղծվել, թե Ռուսաստանը մի տեսակ երկրորդված է Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերից: Որպես իշխանության ներկայացուցիչ՝ նման միտում տեսնո՞ւմ եք:

-Ոչ, նման միտում չկա, պարզապես այս պահին Ռուսաստանն Ուկրաինայի հետ կապված իր հարցերով է զբաղված, հետեւաբար նրանք այս պահին իրենց մաշկին ավելի մոտ խնդիրներով են զբաղված: Իսկ մեր անվտանգային հարցերը չեն կարող սպասել, որովհետեւ մեր հակառակորդի վարքագիծն անկանխատեսելի է, ու ցանկացած պահի կարող է ագրեսիվ գործողություններ սկսել: Որպես իշխանություն, պետություն՝ պարտավոր ենք ամեն քայլ անել, որ ապահովվի մեր անվտանգությունը՝ իհարկե ոչ ի վնաս հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության կամ համագործակցության:

-Այսինքն՝ ինչքան էլ Հայաստանը երկխոսի Արեւմուտքի հետ, Ադրբեջանի հետ, միեւնույնն է, Ռուսաստանի ձեռքը պետք է զարկերակին լինի՞:

-Չէի ասի, թե Մոսկվայի ձեռքը պետք է զարկերակին լինի: Մենք ինքնիշխան պետություն ենք, հետեւաբար մեր արտաքին քաղաքականությունը կառուցում ենք՝ մեր շահերից ելնելով: Կրկնում եմ՝ եթե չլիներ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, ապա հայ-ադրբեջանական խնդիրն էլ այլ կոնտեքստում կլիներ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հաստատեց, որ այս ամսվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սոչի։ Առաջին անգամ Փաշինյանի՝ Սոչի մեկնելու մասին հայտարարել էր «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, եւ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել Ռուսաստանում: Սպասվում է, որ այցի ընթացքում եռակողմ բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ։ Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը սկսել է նախապատրաստվել Աստանայում՝ հոկտեմբերի 14-ին ԱՊՀ գագաթնաժողովում, Պուտինի ելույթից հետո:

Հավելենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նախորդ երկու հանդիպումները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի եւ Ֆրանիսայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ, Պրահայում էր հոկտեմբերի 6-7-ը՝ Եվրոպական քաղաքական հանրության հավաքի ընթացքում: Որպես հանդիպման հավանական վայր նշվում էր նաեւ Մոսկվան, սակայն, ի վերջո, ընտրությունը կանգ է առել Սոչիի վրա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՀԱԶԱՆԳ՝ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՑ

Երեկ ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Երեւանի քաղաքային տրանսպորտի մի խումբ  վարորդներ: Վերջիններս խնդրում եւ պահանջում են, որպեսզի  Երեւանի քաղաքապետարանը «պլան» կոչվածը հանի վարորդների վրայից:

Մեզ հետ զրույցում վարորդներից մեկը վրդովված հայտնեց, որ այսպես շարունակել այլեւս չեն պատրաստվում, քանի որ չեն կարողանում վճարել սահմանված «պլանային» գումարը, եւ, բացի այդ, անսարք մեքենայի համար նույնպես նրանք են վճարում, արդյունքում դուրս է գալիս, որ վարորդները հազիվ կարողանում են այդ ծախսերը հոգալ:

«Մենք պահանջում ենք, որ մանուշակագույն եւ այլ երթուղային տրանսպորտները, որոնք չեն նորացվել, նույնպես նորացվեն, եւ մենք գումարի հետ գործ չունենանք, ստանանք  նորմալ աշխատավարձ մյուս երթուղայինի վարորդների նման, այդ ժամանակ նոր կլինեն իրական բարեփոխումներ, եւ բոլոր վարորդները կլինեն հավասար պայմաններում»,- հավելեցին նրանք:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԱԺ-Ն ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Ազգային ժողովը չունի որեւէ իրավասություն օտարերկրյա քաղաքացուն անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հոդված հրապարակեց, ըստ որի՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը համարվում է անցանկալի անձ։

Ապա անձամբ Զատուլինը հրապարակեց ՀՀ ԱԺ կողմից իրեն ուղարկված գրությունը, որում ասվում է. «Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»:

Սակայն ինչպես արդեն նշեցինք, ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրությամբ նման լիազորություն առհասարակ չունի։

Այդ լիազորությամբ օժտված են միայն ազգային անվտանգության մարմինները՝ համապատաախան տվյալների հիման վրա, իսկ այդ տվյալները ներկայացնելու իրավասություն ունեն Արտաքին գործերի նախարարությունը, Ոստիկանությունը եւ Հանրապետության նախագահի աշխատակազմը՝ ըստ իրենց իրավասության: ԱԺ նախագահը նման իրավասություն չունի։

 

 

 

ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ՝ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ

Մեծ թվով ռուսների եւ ուկրաինացիների՝ Հայաստան ժամանելուց հետո Երեւանում բնակարանների վարձակալության գները վերջին ամիսներին թռիչքաձեւ աճել են։ Հայաստան ժամանածներից շատերը մայրաքաղաքում բնակարանների վարձակալության բարձր գների պատճառով գերադասում են Երեւանի փոխարեն բնակարաններ վարձակալել Դիլիջանում, Վանաձորում եւ այլ քաղաքներում։ Այդ քաղաքներում աճել են բնակվարձերը։ Բնակվարձի աճը ուրախացնում է վարձակալվող բնակարանների տերերին, սակայն մտահոգում է վարձով ապրող զինվորականների ընտանիքներին։ Դիլիջան քաղաքում վարձակալությամբ բնակվող, 1-3 անդամ ունեցող զինվորականի ընտանիքի բնակվարձը հոգալուն պետությունը 38 հազար դրամով է աջակցում, բնակվարձի թանկացման հետեւանքով զինվորականները ստիպված են իրենց ոչ բարձր աշխատավարձից վարձավճարի համար մասհանում անել ։ Զինվորականները դժգոհ են, որ բնակարանների վարձավճարների բարձրացումից իրենք անպաշտպան են։

 




Լրահոս