Պարենային անապահովությունը Հայաստանում բարձր է․ բնակչության կեսից ավելին պարենային անապահովության վտանգի տակ են։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանի բնակչության մեծամասնությունը ճգնաժամային կամ շոկային իրավիճակների դեպքում պարենի տեսանկյունից անապահով դառնալու վտանգի տակ է:
Ավելին, Պարենի Համաշխարհային Ծրագրի կողմից կատարված վերջին «Հայաստանի պարենային անվտանգության և խոցելիության» գնահատումն արձանագրում է, որ հետազոտված տնային տնտեսությունների 23 տոկոսը պարենային անապահով վիճակում են, իսկ 56 տոկոսը պարենային ապահովվածության սահմանային շեմին են գտնվում։
Այսինքն 2022 թվականի հունիսի դրությամբ երկրում արձանագրվել է 23.2 տոկոս պարենային անապահովության մակարդակ։ Սակայն Հայաստանի հյուսիսային շրջաններն ավելի խոցելի են․ մասնավորապես՝ պարենային անապահովությունը Տավուշի մարզում կազմել է 25 տոկոս, Լոռու մարզում՝ 31տոկոս, Շիրակի մարզում՝ 35 տոկոս։
Բացի այս, ներկա պահին պարենային անվտանգության իրավիճակի կանխատեսման և հնարավոր ռիսկերի վաղաժամ կանխարգելման որևէ համապարփակ համակարգ երկրում չի գործում։ Իսկ վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ գերատեսչություններն ու կառույցները ճգնաժամային իրավիճակներին որպես կանոն արձագանքում են դրանց արտաքուստ ի հայտ գալուց որոշ ժամանակ հետո։
Եւ հաշվի առնելով վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները՝ COVID 19 համավարակը, Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքները, Լարսի սահմանային անցակետի պարբերաբար փակման և մեծ կուտակումների հետևանքով առաջացող տրանսպորտային միջոցների մատակարարումների խաթարումները, ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները, պարենային ապրանքների միջազգային գների կտրուկ աճը, արտարժույթի փոխարժեքների տատանումները, կառավարությունը որոշել է բարձրացնել երկրի պարենային անվտանգության մակարդակը և ունենալ արտակարգ և շոկային իրավիճակների գնահատման, կանխարգելման և արագ արձագանքման ու կառավարման գործուն համակարգ։