Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Երեւանի քաղաքապետարանից հետո սկսել է զբաղվել առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկներով։ Խոսքը «Ավան հոգեկան առողջության կենտրոն» եւ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ընկերությունների մասին է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Լեւ գրուպ» ընկերությունը սեպտեմբերի 7-ին Հանձնաժողով է ներկայացրել տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ հաղորդում՝ հայտնելով, որ բժշկական օգնության եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բժշկական եզրակացությունը ստանալու համար գանձվում են նախկին սակագինը մի քանի անգամ ավել գերազանցող սակագներ:
Բանն այն է, որ «Լեւ գրուպ»-ին դիմած քաղաքացիները հայտնել են, որ իրենք զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական հոգեբուժական եւ թմրաբանական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն են պահանջել վերը նշված ընկերություններից, որոնք պահանջել են վճարել նախկինում կիրառվող սակագնից մի քանի անգամ ավել գերազանցող սակագին։ Եւ Հանձնաժողովը կարծում է, որ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» եւ «Կախծվածությունների բուժման ազգային կենտրոն» ընկերությունների կողմից հոգեբուժական եւ թմրաբանական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականցնելու շրջանակներում բժշկական եզրկացությունների տրամադրման ծառայությունների մատուցման ոլորտում վարած գնային քաղաքականությունը կարող է պարունակել գերիշխող կամ մենաշնորհ դիրքի չարաշահման հատկանիշներ: Եւ նշված ընկերությունների կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների հառտկանիշների առկայույթունը պարզելու նպատակով հարուցել վարույթ։ Թե ինչ որոշում կկայացվի առաջիկայում, արդյոք առողջապահական այս կազմակերպություններին տուգանք կնշանակվի կամ նախազգուշացում կտրվի, ցույց կտա ժամանակը։ Բայց չի բացառվում, որ պարզվի նաեւ, որ պետական հիմնարկների կողմից սահմանված բարձր սակագինը հիմնավորված լինի։
Սյունէ Համբարձումյան