ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա պահանջում է, որ դատարանն ամբողջությամբ բեկանի Լևոն Հրաչյայի Սարգսյանին և ուրեն Կորյունի Ղազարյանին արդարացնի կամ գործն ուղարկի համապատասխան դատարան՝ նոր քննության կամ բեկանի 30.06.2022թ. դատավճիռը և Լևոն Սարգսյանի նկատմամբ նշանակի ավելի մեղմ պատիժ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ Ալրաղացի Լյովիկի՝ Լևոն Սարգսյանին դատապարտեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով։
Դատարանն ավելի մեղմ պատիժ սահմանեց, քան պահանջել էր մեղադրող դատախազը։ Նա պահանջել էր Լևոն Սարգսյանին դատապարտել 11, իսկ Սուրեն Ղազարյանին՝ 9 տարի ժամկետով ազատազրկման։
Պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալներին։
Հիշեցնենք, որ 2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, հանդիսացել Լևոն Սարգսյանը։ Լևոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Սուրեն Ղազարյանին Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Քնար Մանուկյան