Միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի ճնշումը Ադրբեջանի վրա, խաղաղությանն այընտրանք չկա. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին Հայաստանում էր գտնվում Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւ, որը հանդիպել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իր զեկույցում Եվրոպական խորհրդարանի զեկուցողն արդեն նշել է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի ինքնիշխան սահմանը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի հետ:

-Պարո՛ն Կովաչեւ, Հայաստանում ինչ հանդիպումներ եւ քննարկումներ եք ունեցել:

-Հայաստանում հանդիպել եմ խորհրդարանական իշխող եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին: Նրանց հետ խոսել ենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտի հետեւանքով առկա իրավիճակի, հաջորդ քայլերի, սահմանազատման եւ սահմանագծման, խաղաղության պայմանագրի, Նախիջեւանի ճանապարհի եւ Արցախում հայերի իրավիճակի մասին: Սա էր հիմնական թեմաները, մյուս կողմից՝ նաեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական հարցերին, Եվրամիության առևտրի հետ հարաբերություններին, դատական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների վիճակին:

-Ի՞նչ է ներկայացվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի միջեւ առկա իրավիճակի մասին:

– Սա արտացոլված է իմ զեկույցի նախագծում, ըստ որի՝ Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, եւ դա պետք է կանգնեցվի: Ահա թե ինչու ես ողջունեցի ԵՄ մոնիտորինգային խմբի տեղակայումը Հայաստանում, որն այժմ երկու ամիս մանդատ ունի` լինել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Եվ այս հարձակումները պետք է դադարեցվեն և հուսանք նոյեմբերի 3- 4-ից հետո, երբ աշխատանքային խմբերը կհանդիպեն սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերը քննարկելու համար, նրանք համաձայնություն կունենան, թե կոնկրետ իրավաբանորեն որտեղ է  Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանը:

– Ի՞նչ եք կարծում՝ ինչպես կարող է ԵՄ դիտորդական խումբն օգնել Հայաստանին, երբ Ադրբեջանը շարունակում է իր հարձակողական քաղաքականությունը:

– Եվրոպական միության ավելի շատ ներկայություն է պետք. Սա, հուսով եմ, եվրոպական կառույցների միայն առաջին քայլն է՝ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Երկու կողմերիը պետք է ավելի վստահ լինեն միմյանց նկատմամբ, հատկապես կոչ պետք է արվի Ադրբեջանին դադարեցնել իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող ատելության հռետորաբանությունը, հետաքննելու բոլոր դեպքերը, հայերի նկատմամբ բռնությունները: Դրանք շատ անհանգստացնող են եւ այն տեսանյութերը, որոնք տարածվել են մի քանի շաբաթ առաջ, պետք է ուսումնասիրվեն, հետաքննվեն, եւ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

– Բայց որքան էլ կոչեր են հնչում, Ադրբեջանը շարունակում է իր քայլերը: Ինչո՞ւ ամեն դեպքում միջազգային հանրությունը չի կարողանում կանգնեցնել Ադրբեջանին:

– Շատ պարզ է, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի ճնշումը Ադրբեջանի վրա, որ Հայաստանի միջազգային սահմանի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նման խախտումներն անընդունելի են, եւ որ այժմ բանակցությունների ժամանակն է: Երկու տարրերը՝ սահմանի սահմանագծումը, սահմանազատումը եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է ընթանան ձեռք ձեռքի տված, եւ որքան հնարավոր է շուտ: Հուսով եմ՝ մինչեւ այս տարվա վերջ մենք կունենանք սահմանազատված սահման, ապա նաև ստորագրված խաղաղության պայմանագիր:

– Այս իրավիճակում սակայն, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը:

– Խաղաղությանը այլընտրանք չկա: Ես չգիտեմ, թե սա ինչպիսի այլընտրանք կարող է լինել առանց խաղաղության պայմանագրի։

Պատերազմն այլընտրանք չէ: Կարծում եմ, որ հայ հասարակությունը նույնպես կցանկանար ունենալ խաղաղություն, կայունություն և կանխատեսելիություն, տնտեսություն, տնտեսական զարգացում, երիտասարդների համար երկրում մնալու հնարավորություն: Սրանք շատ կարևոր թեմաներ են, որոնք կապված են խաղաղության պայմանագրի հետ։ Այնպես որ, միջազգային հանրությունը, և ես հիմա էլի կրկնեմ, պետք է Ադրբեջանին մղի, որ իրենք են պատասխանատուն: Հիմա Հայաստանի հետ արդար խաղաղության պայմանագիր կնքելով՝ նախ սահմանի սահմանազատման հարցերը, հետո՝ Արցախում հայերի իրավունքների եւ դեպի Նախիջևան միջանցքը, այն տարրերն են, որոնք պետք է քննարկել եւ գտնել փոխադարձ, ընդհանուր լուծումներ երկու կողմերի համար:

-Ամեն դեպքում ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել Հայաստանի սահմանին, պարբերաբար կրակում են: Սա խոսու է այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղության:

– Հենց սա է պատճառը, որ մեզ անհրաժեշտ է սահմանի սահմանազատում, եւ, թե ինչու է պետք խաղաղության պայմանագիր: Սա այլևս չի կարող շարունակվել, իսկ Ադրբեջանը դա անում է, քանի որ պատրվակն այն է, որ չգիտեն, թե որտեղ է սահմանը, քանի որ այն պարզ չէ։ Այսպիսով, սահմանի սահմանազատումը խնդրի այս լուծման բավականին կարևոր տարր է։ Սա լավ է, եւ մենք ողջունում ենք, որ երկու կողմերն էլ համաձայնեցին, որ 1991 թվականի հռչակագրով սահմանված սահմանները բանակցությունների հիմքն են եւ հույս ունենք, որ նրանք հանդիպեն հաջորդ շաբաթ, նրանք համաձայնության կգան սահմանազգծման եւ սահմանազատման հարցերի շուրջ: Դրանից հետո հույս ունենք, որ ադրբեջանական զորքերը հետ կվերադառնեն իրենց տարածքները եւ այդպիսի հանցագործություններ ու հարձակումներ այլեւս չեն լինի:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս