«Հ2»-ը կսպասի որոշմանը. իսկ ինչ է սպասվում մյուս հեռուստաընկերություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր իրականացրեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը։ Արդյունքում 78 միավորով հաղթող է ճանաչվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, այսինքն Առաջին լրատվական ալիքը կվերսկսի հեռարձակումը։ Իսկ «Հայկական երկրորդ հեռուստալիք» ՍՊԸ-ն ստացել է 55 միավոր։ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով, որոշումը ուղարկվելու է եռօրյա ժամկետում։

«Լրաբեր» լրատվական ծառայության ղեկավար Շավարշ Գեւորգյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի այսօրվա կազմակերպած քվեարկության արդյունքներին ասաց. «Իրենք այսօր ընդամենը որոշման արդյունքն են հայտնել, բայց բուն որոշումը եռօրյա ժամկետում մենք գրավոր կստանանք, որտեղ հիմնավորումները ներկայացված կլինեն եւ ըստ դրա մենք կհասկանանք, թե ինչ անենք: Մինչեւ չտեսնեք թե ինչ հիմնավորումներով են մերժել մեզ, չենք կարող որեւէ բան հիմա ասել»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 4-ին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտեր ներկայացրել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը, «Փաստինֆո»-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»-ը: Իսկ հունիսի 4-ին Հանձնաժողովի ընդունած որոշմամբ հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն, որին տրամադրվել էր Երևանի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

Բայց «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բողոքարկել էր ՀՌՀ-ի որոշումը Վարչական դատարանում` պահանջելով այն անվավեր ճանաչել։ Հունիսի 29-ին դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հայցը և անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ 93-Ա որոշումը:

ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էին Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում։ Սակայն դատարանները մերժել են վարույթ ընդունել բողոքը։ Այդպիսով դատական գործընթացն ավարտվել է և վարչական դատարանի վճիռը` հօգուտ «Հ2»-ի մտել է ուժի մեջ։

Գաղտնիք չէ, որ այսօր հսկայական հեռուստաընկերություն պահելը մեծ ծախսերի հետ է կապված, բայց ՀՌՀ –ը այդ ամենը հաշվի չառնելով կարող է մեկ որոշմամբ ՙփակել՚ գործող հեռուստաընկերությունը: Մյուս կողմից, հնարավոր է, որ իշխանությունները փորձում են այս ճանապարհով վերահսկել TV մեդիադաշտը՝ ազատվելով իրենց համար ոչ ցանկալի հեռուստաընկերություններից: Քանի որ արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ իբր երեք հեռուստաընկերություն հայտնվել է ռիսկային գոտում: Խոսքը «Շանթ»-ի, «Երկիր Մեդիա»-ի եւ «Կենտրոն»-ի մասին է:




Լրահոս