ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28֊ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը։
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափկման, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ:
Նշվում է, որ Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի հետևանքների վերացման, մասնավորապես` ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը: