ՔՊ-ական մի քանի պատգամավոր տևական ժամանակ անվտանգության աշխատակիցներ են ունեցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին, Հրաչյա Հակոբյանին եւ Վահագն Ալեքսանյանին տեւական ժամանակ անվտանգության աշխատակիցներ են տրամադրած եղել:

Նկատենք՝ նախորդ տարին խորհրդարանում բավականին թեժ էր, եւ պարբերաբար բախումներ էին տեղի ունենում իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջեւ: Դրանցից մեկի ժամանակ՝ 2021 թվականի օգոստոսի 25-ին, ակտիվ էր, օրինակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, որը ոտքով հարվածեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին:

Մեկ այլ անգամ էլ ծեծկռտուքի ժամանակ դահլիճում այդ ամենին հետեւում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ, ահա, ընդդիմության եւ իշխանության այս եւ մյուս միջադեպերից հետո ուժային կառույցները կապ են հաստատել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ վարչապետի տիկնոջ եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի, ՔՊ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վահագն Ալեքսանյանի հետ եւ հայտնել, որ նրանց պետք է ապահովեն անվտանգության աշխատակիցներով, ասել է թե՝ թիկնապահներ տրամադրեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔՊ-ական պատգամավորներին բացատրել են, որ օպերատիվ տվյալներ կան, որ միգուցե որոշ անձինք փորձեն հաշվեհարդար տեսնել իրենց հետ եւ ծեծի ենթարկեն նրանց:

Այս ամենից հետո վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորները տեւական ժամանակ անվտանգության աշխատակիցների հսկողությամբ են գնացել ցանկացած վայր եւ միայն մոտ մեկ ամիս առաջ են առանց թիկնապահների շրջում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս