«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ ընտրված, ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանի կողմից ԲԴԽ նախագահ նշանակված Կարեն Անդրեասյանն ուղեկցող մեքենայով ու թիկնապահներով է շրջում։ Նրա ծառայողական Toyota Land Cruiser ամենագնացին, որը դեռ Գագիկ Հարությունյանի օրոք էր գնվել, ուղեկցում է 954 AN 61 պետհամարանիշի Nissan X-Trail քրոսովերը՝ թիկնապահներով լի։
Անդրեասյանից առաջ, հիշեցնենք, ԲԴԽ նախագահներին թիկնապահ եւ ուղեկցող մեքենա չէին սպասարկում՝ նրանք հրաժարվել էին այդ ավելորդ ձեւականություններից։ Հրաժարվելու հիմքը դրել էր Ռուբեն Վարդազարյանը, ով հաճախ ոտքով էր շրջում։ Մեզ ասացին, որ նույնիսկ իշխանական վայելքները սիրող Գագիկ Ջհանգիրյանն ընդամենը մեկ օգնական-թիկնապահ ուներ։ Բայց, ահա, Կարեն Անդրեասյանը, եկած-չեկած՝ իրեն շրջապատել է թիկնապահներով եւ ուղեկցող մեքենայով։
Այդ մասին մամուլում արդեն իսկ հրապարակում եղել է, որ Անդրեասյանն անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել՝ անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, իր աշխատասենյակի դիմաց մետաղորսիչ սարք եւ այլն։
ԲԴԽ-ից մեզ ասացին, որ նախագահի անվտանգությունը կարգավորվում է օրենքով նախատեսված կարգով, ինչի մասին արդեն իրենք հայտարարություն տարածել են եւ դրան ավելացնելու որեւէ բան չունեն։ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հենց նշանակման առաջին օրն է հրաժարվել թիկնապահներից եւ ուղեկցող մեքենայից։ «Վարչապետի որոշմամբ՝ ԲԴԽ նախագահին տրամադրված էր ուղեկցող մեքենա, անվտանգության աշխատակից եւ այլն։ Ես առաջին օրը եկա ու դրանից հրաժարվեցի։ Մեքենան հանձնեցի դեպարտամենտին, անվտանգության աշխատակիցներին էլ ասացի՝ թող գնան իրենց ԱԱԾ-ում աշխատեն»,- ասաց Վարդազարյանը՝ նշելով, որ խոսքը երեք թիկնապահի մասին է, որոնցից հրաժարվել է։
Նաեւ հավելեց, որ իր հրաժարվելուց երեք ամիս անց վարչապետի այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, հիմա երեւի նոր որոշում չկա, որ Կարեն Անդրեասյանին ուղեկցող մեքենա եւ անվտանգության աշխատակիցներ տրամադրվեն։ Փաստորեն, Կարեն Անդրեասյանը, երբ արդարադատության նախարար էր, չէր մտահոգվում իր անվտանգության համար, վախեր չուներ, որ իրեն կվնասեն։ Հիմա, դառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, սկսել է մտահոգվել իր անվտանգությամբ, վախենալ, որ կհարձակվեն իր վրա, մի բան կանեն։ Դրա համար դիմել է Նիկոլ Փաշինյանին, որ իրեն թիկնապահներ հատկացնի։ Կամ առանց դիմելու՝ օրենքը շրջանցելով է դրան հասել։
Հավանաբար, մի բան արել է, որ վախենալու տեղ ունի, հակառակ պարագայում ինչպե՞ս է ստացվում, որ Ռուբեն Վարդազարյանն առաջին օրն իսկ հրաժարվել է թիկնապահներից ու ոտքով անկաշկանդ շրջում էր քաղաքում, իսկ Անդրեասյանն իրեն շրջապատել է անվտանգության աշխատակիցներով»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում