Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հետ հանդիպումը ևս մեկ կարևոր հարթակ էր՝ Հայաստանի և Արցախի արդիական խնդիրների բարձրաձայնման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Քննարկմանը ահազանգեցի Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների, Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության կյանքի և մյուս հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ։
Պայմանավորվեցինք ակտիվացնել համագործակցությունը, որն ուղղված կլինի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։
Ի դեպ, բարեկամական խմբի անդամներից մեկը Լիբանանից է և շատ լավ է պատկերացնում հայերի հոգսն ու խնդիրները։ Անդամներից մեկն էլ ոստիկան էր, որն ըստ էության երկար տարիներ զբաղվել էր մարդու իրավունքների պաշտպանությամբ։
Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին կանգնելը նրանք համարում են իրենց առաքելությունը»։