Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Զինվորի տուն. նրանք հիացած էին տղաների լավատեսությամբ ու անկոտրում կամքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան և Սառա Թանզիլին հոկտեմբերի 28-ին այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոն:

Դիմավորելով հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է կառույցի նախապատմությունը, ընդգծել, որ այն հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով, որոնց համարժեքը չկա ամբողջ տարածաշրջանում:

«Հիվանդանոցի հիմքում դրված է մեր երկրի առողջապահության զարգացումը»,- ասել է ԵՊԲՀ ռեկտորը:

Հյուրերը շրջել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում, հետաքրքրվել կատարվող աշխատանքով, զրուցել Արցախյան երրորդ պատերազմում և ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինվորների հետ, հետաքրքրվել են նրանց առողջական վիճակով, հետևել բուժվողների կազդուրման գործընթացին: Հյուրերը նաև հնարավորություն են ունեցել կենտրոնում բուժվող տղաների մասին տեսաֆիլմ դիտել, որի շնորհիվ հնարավորություն են ունեցել ավելի մոտիկից ճանաչել կենտրոնի զինվորներին, դառնալ նրանց առօրյայի մի մասնիկը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հիացած էին Զինվորի տան տղաների լավատեսությամբ ու անկոտրում կամքով: Տղաներից շատերն արդեն հաղթահարել են հետպատերազմական տագնապներն ու վախերը, մղձավանջային երազներն ու հիշողությունները, քնի խանգարումներն ու խուճապային գրոհները:

Ֆրանսիացի հյուրերն առողջություն և շուտափույթ ապաքինում են մաղթել զինվորներին:




Լրահոս