Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Սլովենիայում կայացած “Արծաթե գոտի” անվանումը կրող մրցաշարն ավարտել է փայլուն արդյունքով՝ նվաճելով 9 մեդալ, որոնցից 3-ը՝ ոսկե։
Եվրոպայի փոխչեմպիոններ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակիչում գեղեցիկ ոճով հաղթել են ավստրիացի և իսպանացի մրցակիցներին ու դարձել են մրցաշարի հաղթող։ Ոսկե մեդալի է արժանացել նաև Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտի, փոխանցում է armsport-ը:
Վնասվածք ուներ նաև մեր 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որին բժիշկները թույլ չեն տվել մասնակցել եզրափակիչ մենամարտին և մեր մարզիկն արժանացել է արծաթե պարգևի։ 2-րդ տեղը գրավել է նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։
Եվս 4 հայ մարզիկ` 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը արժանացել են բրոնզե մեդալների։