2023 թվականին նախատեսվում է ապահովել համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական պարտքի զգալի բարելավում։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Որքան պարտքը և պարտքի սպասարկումը գտնվում են հուսալի միջավայրում, այնքան մեր բոլոր անելիքները միջնաժամկետ հատվածում ավելի մեծ երաշխավորվածությամբ կարող են իրականացվել այն ծավալներով, որոնք նախատեսված են։ Այո, անորոշությունները շատ են, և այս տարվա միջավայրը դրա վկայությունն է։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները»,- նշեց Խաչատրյանը։
Միեւնույն ժամանակ նախարարը նշեց, որ 2021 թվականի արդյունքներով պարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ գտնվում էր էապես բարձր մակարդակի վրա էր և կազմում էր 60,3 տոկոս։ Սակայն կառավարության գործունեության ծրագրի ժամանակահատվածում կառավարությունը ցանկանում է հասնել նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան համախառն ներքին արդյունքի 50 տոկոսն է:
Բյուջեի քննարկման ժամանակ նախարարը նշեց, որ 2023 թվականին պետական բյուջեով նախատեսվող պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ, որը 35 տոկոսով ավել է 2022 թվականի ծախսային ցուցանիշից։ Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 5 տոկոսը։ Նախարարը նաև նշեց, որ սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերի աճը նույնպես զգալի է լինելու։
Ն.Հ.