ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ճանապարհների վերանորոգման նպատակով ավելի քան 2 միլիարդի չափ պայմանագիր է կնքել Գորիսի նախկին քաղաքապետի ընկերության հետ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հոկտեմբերի 21-ի կնքած պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 2 մլրդ 707 մլն 501 հազար 279 դրամ, որից 451 մլն 250 հազար 213 դրամը ԱԱՀ-ն է: Ի դեպ, այս տարվա իրականացվող աշխատանքների գինը կազմում է 931 մլն 808 հազար դրամ, որից միայն 155 մլն դրամը ԱԱՀ-ն է:
Ի դեպ, խոսքը «Ոսմար» ընկերության մասին է, որը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի ընտանիքին: Նշված ընկերության բաժնետեր հանդիսանում է նաեւ Ոսկանյանի կինը եւ աներորդին: Այս ընկերությունը պետք է իրականացնի Հ-46, /Մ-2/-Տաթեւ-Աղվանի-Մ-2/ (Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ:
Ավելին, նկատենք, որ այս ընկերության հետ պայմանագիրը կնքվել է առանց մրցույթի՝ «հրատապ մեկ անձ» ընթացակարգով: Այս ընկերությունը պետական գնումներին մասնակցում է 2015 թվականից: