Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միավորել տաղանդավոր կոմպոզիտորներին՝ հիմքում դնելով երաժշտությունն ու հայ դասական պոեզիան. Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ: Այն անցկացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշեց, որ մեր լեզուն ու մշակույթն առաջ մղելու գործում սա կարևոր նախաձեռնություն է:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարևոր է համարում նման մրցույթների անցկացումը: Նա նկատեց, որ հայ դասական երաժշտության ու հայ դասական բանաստեղծության համադրությունն այսօր հատուկ խնամքի պահանջ ունի:

«Ոչ երգերն են պակաս, ոչ այս ժանրի հետ հարաբերվող ստեղծագործողները, բայց ես պնդում եմ, որ այս մրցույթը լավ առիթ է հայ դասական երաժշտությունն ու պոեզիան միջազգային հարթակ դուրս բերելու համար: Ակնկալում ենք, որ այս մրցույթին ակտիվ կմասնակցեն նաև այլ ազգի հեղինակներ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է ներկայացնել մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար: Ստեղծագործությունը պետք է գրված լինի վերջին մեկ տարվա ընթացքում: Այն երբևէ չպետք է լինի կատարված, ձայնագրված, հրատարակված կամ հրապարակված: Ստեղծագործության տևողությունը պետք է լինի նվազագույնը 8 րոպե, առավելագույնը` 12 րոպե: Կոմպոզիտոր, Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հանձնաժողովի նախագահ Արամ Հովհաննիսյանը նշեց, որ ժյուրիի կազմն արդեն ձևավորվել է և անհամբեր սպասում են մասնակիցների ստեղծագործություններին:

Մրցութային փուլի արդյունքում ընտրված 6 ստեղծագործությունները կկատարվեն գալա-համերգի ընթացքում, որը տեղի կունենա 2023թ. մայիսին Երևանում: Եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներն հնարավորություն կունենան մասնակցելու գալա համերգին, որի ընթացքում հայտնի կդառնան մրցանակակիրները: 1-ին մրցանակի համար սահմանված է 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ մրցանակի համար՝ 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 3-րդ մրցանակի համար՝ 1․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:




Լրահոս