Եթե թշանմին հարձակվել է, և դու չունես համապատասխան ռեսուրսներ՝ պետք է հետ նահանջես։ Մի բանավեճի ժամանակ ասել էին տղաները Վեմիր Հարությունյանին, որին ի պատասխան Վեմիրն ասել էր․ «Եթե դու գնացել ես սահման, այդտեղ հաց ես ուտում, ապրում ես, ուրեմն դա քո տունն է, քո հայրենիքը, իսկ եթե դու քո տնից դուրս գաս, ուղղակի մարդ չես, եթե դու գնացել ես, էնտեղ ապրում ես, ուրեմն ոչ մի ձև հնարավորություն չունես դուրս գալու»։
Պատերազմից տասը օր առաջ ասված խոսքերը հիշում է Վեմիրի Հարությունյանի հարազատներից մեկը, ով սուբյեկտիվ պատճառներով չցանկացավ ներկայանալ։
«Վեմիրը վաշտի հրամանատարն էր, ոչ ոք նրան կոչումով չէր դիմում, բոլորը դիմում էին անունով։ Նրանք ապրում էին մի ընտանիքի պես, իրար հետ էին բոլոր առիթներին, ամբողջ վաշտով ախպերներ էին»,- պատմում է հարազատը և պնդում, որ վերջում բոլորը նրանց մենակ թողեցին։
«Մեր ընտանիքի պատմությունը հենց սկզբից էլ դաժան է եղել։ Պապիկիս երեք եղբայրները մասնակցել են երկրորդ համաշխարհային պատերազմին, և դրանից հետո նրանցից տեղեկություն չենք ունեցել»։
Նրանցից էլ ոգեշնչված՝ Կամսար Հարությունյանը՝ Վեմիր Հարությունյանի հայրը, մասնակցել է Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին։ Նույն ոգեշնչմաբ և ժառանգորդությամբ էլ Վեմիրն էլ ընտրեց այդ ճանապարհը։ Վեմիրը կրում էր պատերազմ գնացած պապիկի անունը։
Հարազատը վերհիշում է.
«Մի երեկո, երբ եղբայրներով հավաքվել էինք, տարբեր խոսակցություններից հետո բացվում է հայրենասիրության թեման, և Վեմիրը ասում է. «Ախպե՛ր, սպասեք ու կտեսնեք՝ ձեր ախպերը ինչ օրինական ա ծառայելու այս երկրի համար, ամեն մեկը մի ձև խոսում է, բայց ոչ մեկը անող չի, սպասեք՝ կտեսնեք ես ինչ եմ անելու», և այդպես էլ ասաց ու արեց, ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցեց իր հայրենասիրության չափը։
Զրույցի ընթացքում հարազատը Վեմիրին «խենթ» բառով է բնութագրում. «Եվ դա չափազանցություն չէ, նրա հետ կապված յուրաքանչյուր պատմություն, ինչը պատմում են, ամբողջը խենթի արարքներ են»։
Նրա համար կարևոր էր, որ մարդը լիներ մաքուր, պահպաներ իր մարդկային արժեքները, սիրում էր մարդկանց Մարդ տեսակը։ Շատ նեղացկոտ էր, ամենաշատը նեղանում էր իր հարազատներից, իսկ եթե մեկին շատ էր սիրում՝ կծում էր թևերը։ Շատ լավատես էր, ոչ մի դեպքում չէր ընկճվում։
«Երբ ռացիայով 4-5 ժամ լսում էի նրա ձայնը, նույնիսկ վերջին վայրկյանին էլ ձայնի տոնից չէր զգացվում, որ նրա մոտ բարդ իրավիճակ է։ Ով լսում է Վեմիրի անունը, չի կարող որևէ յուրահատուկ պատմությամբ նրան չհիշել»,- պատմում է հարազատը։
Հարազատի խոսքով՝ դպրոցական տարիներին շատ չարաճճի, ակտիվ երեխա է եղել։
«Դպրոցական տարիները հիմնականում ծեծ ու ջարդով էին անցնում, բայց ամենահետաքրքիրը առաջին դասարանում էր, երբ ուսուցչուհին վերցրել էր Վեմիրի գրիչը, հետո վերադարձրել էր Վեմիրին, բայց Վեմիրը կորցրել էր գրիչը։ Եվ երբ նրան հարցնում են.
-Վեմիր ջան, ու՞ր է գրիչդ։
Նա պատասխանում է.
– Ընկե՛ր Ամիրխանյան, Դու՞ք եք գողացել իմ գրիչը։
Նրա ուսուցչուհի Իրինա Ղուկասյանը հիշում է. «Հայրենասիրական թեմայով հերթական դասն է, և հարց հայրենիքի պաշտպանության մասին է: Տեղից հնչում է Հարությունյան Վեմիրի միշտ նույն պատասխանը.
-Պիտի կռվենք, բա ուրիշ ի՞նչ պիտի անենք, պիտի կռվենք, որ ապրենք…»։
Իսկ դասղեկ Մարինե Խաչատրյանը գրում է. «Երբ մի լավ բան էր անում, համեստաբար թաքցնում էր բոլորից։ Հպարտանալ, մեծամտանալ չէր սիրում, հաջողությունների մասին բարձրաձայնել` նույնպես։ Տարիները քեզ այդպես էլ չփոխեցին….
Հերոսությանդ մասին ուրիշներից իմացանք…»։
Հարազատը ծանր հոգոց հանելով ասում է.
«Ոչ մեկս չենք կարող այս կյանքում Վեմիրի պես ապրել, որ կարողանանք ամեն ինչ հասցնենք լրացնել։ Կյանքում նա շատ ավելին հասցրեց անել, քան նրանից շատ ապրածները։ Կյանքում Վեմիրը բաց տեղ չի ունեցել, բոլորիս հարցերը կարգավորել է, տանը օգնել է, միշտ ընկերների թիկունքին է կանգնել։ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Քարվաճառի և Վարդենիսի այն թևը, որտեղ Վեմիրն էր ծառայում՝ իրարից շատ հեռու են եղել, և Վեմիրը իրենց դիմացի երկու դիրքերը խեղճացրած ու իր հսկողության տակ է պահել, հրետանիով այնքան էր խփել, որ հակառակորդի դիրքերը դատարկվել էին, զոհեր են ունեցել։ «Ուժեղ կռիվ էր տալիս՝ մտածում էր, որ թասիբի հարց է»։
Հարազատը վստահեցնում է, որ Վեմիրին օգնելու չեն գնացել:
Միասին պահենք այն ինչ մերն է, հետ բերենք այն ինչը մեզնից խլել են, Վեմիր Հարությունյանի խոսքերն են Արցախյան երկրորդ պատերազմից հետո։
Փառք մեր անմահ հերոսին։
Զալիբեկյան Լիլիթ