ԿԱՐԵՎՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Կանադայում խորհրդարանական պատվիրակությամբ հանդիպեցինք արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար, պատգամավոր Ռոբերտ Օլիֆնթի հետ։ Նա չափազանց տեղեկացված էր Հայաստանին պատուհասած վտանգների եւ ժողովրդավարության սպառնալիքների մասին:

 

Հայաստան-Կանադա հարաբերությունները բարեկամության նոր փուլ են մտնում, քանի որ Հայաստանում շուտով կբացվի Կանադայի դեսպանատուն: Հույս ունեմ՝ նախապատրաստական գործընթացը արագ կավարտվի: Իսկ մինչ այդ՝ մեր հանդիպման ժամանակ, թարմ տեղեկություններ տվեցի մեր գործընկեր Ռոբերտ Օլիֆնթին բոլոր այն վտանգների մասին, որոնց Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությունը բախվում է յուրաքանչյուր օր.

l Ադրբեջանը շարունակաբար ձեռնարկում է նոր ռազմական ագրեսիաներ՝ ընդդեմ Հայաստանի,

l Ադրբեջանը բռնազավթում է ՀՀ ինքնիշխան տարածքի մաս կազմող նորանոր շրջաններ,

l Ադրբեջանը ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի անկյունաքարային դրույթները, թույլ չի տալիս իր իսկ ռազմական ագրեսիայի զոհ դարձած հայ զինծառայողների մարմինները, շրջափակման մեջ գտնվող զինծառայողներին դուրս բերել իր կողմից օկուպացված շրջաններից,

l Ադրբեջանը խոշտանգում է նույնիսկ կանանց, տարեցներին։

Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը պետք է արժանանա լուրջ գնահատականի. միջազգային հանրության հասցեական, բայց դատարկ դատապարտումներն արդեն անօգուտ են:

Ագրեսոր Ադրբեջանը պիտի պատժվի միջազգային իրավասու օղակների կողմից, եւ այս ուղղությամբ բոլոր միջազգային գործընկերներիս կողմից կոնկրետ քայլերի իրականացումը դարձել է հրամայական՝ ի պաշտպանություն խաղաղ հայ բնակչության կյանքի եւ մյուս հիմնարար իրավունքների։

Անդրադառնալով արդի տարածաշրջանային զարգացումներին՝ խորհրդարանական քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծեցի Արցախի անկախության ճանաչմանը օժանդակելու անհրաժեշտությունը, միաժամանակ ահազանգեցի, որ Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին միայնակ թողնելը բերելու է Ադրբեջանի կողմից հայրենի Արցախում բնակվող հայության նոր ցեղասպանության։

Կրկին շնորհակալություն հայտնեցի Կանադային՝

l Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու,

l Արցախի անկախությունը ճանաչելու հարցը խորհրդարանական մակարդակով քաղաքական դիսկուրս մտցնելու,

l 2020թ. պատերազմի ժամանակ դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների կասեցման, Թուրքիային ավիաշարժիչների մատակարարումը դադարեցնելու համար։

Անդրադարձանք նաեւ Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակին, սպառնալիքներին, խորհրդարանի դերի ամրապնդմանը վերաբերող հարցերին»:

 

 

 

ԶՈՀԵՐԻ ՆՈՐ ԹԻՎ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում սեպտեմբերյան պատերազմում հայկական կորուստների նոր թիվ է հրապարակել։

«Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է հարձակման, Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգը ակնհայտ խնդիրներ է ցուցադրում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ որեւէ մեկի տրամադրությունը, բացի ՀՀ անվտանգությունից, հետաքրքիր չէ։ Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ։ Եվ այն պարտավորությունները, որոնք գործընկեր երկրները վերցրել են, պետք է ի կատար ածվեն։ Դա է մեր հիմնական նպատակը։ Թե ինչ-որ մեկը կնեղանա, ինչ-որ պրոպոգանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա, դա շատ երրորդական, չորրորդական հարց է։ ՀՀ-ն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ այդ հեռուստաալիքների հայտնի դերակատարների կողմից։ Մենք սեպտեմբերի հարձակման հետեւանքով ունենք 240 զոհ, ունենք մեր սահման ներխուժած օտարերկրյա զորք։ Եվ ՀՀ-ն այդքան մեծ չէ, որպեսզի հանդուրժի թեկուզ մեկ մետր։ Հայաստանը ոչ մի երկրի հետ չի փչացնում իր հարաբերությունները, Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, իր սահմանների հետ կապված պարտավորությունները, որոնք վերցվել են, ի կատար ածվեն, եւ դրա համար անելու է ամեն ինչ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Հ. Գ. Ավելի ուշ Ալեն Սիմոնայնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց. «Այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է: Խնդրում եմ թիվը հրապարակելիս հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը»:

 

 

 

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Հոկտեմբերի 26-ին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը:

Առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը եւ Սահմանադրության 175-րդ հոդվածում «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը:

Նախագծով, միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, Հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսի նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, եւ 1-ին ընթերցմամբ այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում:

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Հայաստանի ոստիկանությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն շնորհել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաեւ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Ավելին՝ մի շարք չափանիշներ է սահմանել ՀՀ քաղաքացիություն շնորհելու դիմաց: Իսկ տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը եւ գնահատման չափանիշներն են առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 դոլարի չափով, 10 տարի, պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով: Բացի այս, անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, 100 հազար դոլարին համարժեք դրամ եւ ավելի չափով ֆինանսական ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում: Բացի այս, պետք է առողջապահական բնագավառում պետական շքանշանով կամ մեդալով պարգեւատրված լինի: Սակայն ոստիկանության այս առաջարկը մեծ քննադատությունների տեղիք է տվել: Քաղաքացիներից մի քանիսը հասցրել են մեկնաբանել որոշման այս նախագիծը: Նրանցից մեկը նկատել է՝ նշելով. «Խայտառակ նախագիծ է։ Դրամի դիմաց քաղաքացիության շնորհումը նույնն է, ինչ հայրենիքի վաճառք»: Մեկ այլ քաղաքացի գրել է. «Երկիրը էժանով ծախելու ֆորմալ նախագիծ է, ամոթ է ուղղակի։ Ստացվում է՝ 1 միլիոն թուրք կոպեկով կարող է գնել ձայնի իրավունք եւ վաղը ռեֆերենդում կազմակերպել»: Ի դեպ, քաղաքացիների մեծ մասն առաջարկում է որոշ երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ այս հարցում սահմանափակում կիրառել՝ նախագիծը համարելով վտանգավոր:

 

 

 

ՏԵՎԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ եւ տեւական խաղաղության: Այս մասին վստահեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: «Ի վերջո, Հայաստանի եւ Ադրբեջանի որոշելիքն է, թե ՌԴ նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի արդյոք նրանց համար՝ հասնելու այդ տեւական խաղաղությանը»,-ասել է Փրայսը:

Նա կասկածի տակ է դրել այն, որ Մոսկվան հարգում է իր հարեւանների ինքնիշխանությունը եւ երկարաժամկետ գործընկեր լինելու հանգամանքը:

«Ի վերջո, չկա ավելի մեծ աջակցություն, քան ԱՄՆ-ինն է՝ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության ու անկախության համար»,-նշել է խոսնակը՝ ընդգծելով ու կարեւորելով 1991-ին Խորհրդային միությունից Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի անկախացումը:

 

 

 

 




Լրահոս