Հայաստանում կներդրվի զինվորական ծառայության նոր համակարգ, այդ նպատակով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանությունները մտադիր են ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով: Խոսքը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին է, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի: Բացի այս, նշենք, որ կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին հաշվարկվելու է պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը տնօրինելու է իր հայեցողությամբ:
Ի դեպ, ծառայության 5 տարիների ընթացքում պայմանագրային զինծառայողները վարձատրվելու են ամսական 400 հազար դրամով։ Մինչ այդ նախատեսվում է ներդնել շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով, որտեղից գոյացած գումարներով էլ վարձատրվելու են զինծառայողները: Զինծառայողը կարող է 24 մլն դրամ վճարել եւ վաղաժամկետ արձակվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ ծառայելով ընդամենը 4.5 ամիս։
Ի դեպ, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով ներդրված՝ Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը ենթադրում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով:
Պարզվում է` hամակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չի բավարարել ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով: Ավելին՝ 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չի արձանագրվել ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվել են ծրագրից եւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվել զինվորական ծառայությունից: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 22:00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ նույն օրը՝ Մարգարյան փողոցի բանկոմատում գործարք կատարելուց հետո, մոռացել է վերցնել քարտը, իսկ քիչ անց հաղորդագրություններ է ստացել, որ իր քարտով գնումներ են անում:
Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված քարտով գնումներն արվել են Աջափնյակ վարչական շրջանի տարբեր խանութներում:
Բաժնի քրեական հետախույզները հաջորդ օրը ստացել են օպերատիվ տվյալ, որն իրացրել են Մաշտոցի վետերանների հետ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ուրիշի քարտով գնումներն արել է մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Հոկտեմբերի 25-ի ցերեկը Մարգարյան փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել եւ տարվել է Մաշտոցի բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:55-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացվել էր ահազանգ, որ պարանոցի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա տղամարդ, որը Հրազդանի բնակիչ է: Նրան հիվանդանոց հասցրած անձը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ պարանոցին երկաթե ամրան է ընկել:
Ծաղկաձորի Սարալանջի փողոցի շինհրապարակ մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ տուժողը շինարարական աշխատանքների ղեկավարն է, եւ ամենաառանցքայինը՝ վնասվածքը պատահականության հետեւանք չէր. նրան դանակահարել էին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց միացան նաեւ Կոտայքի մարզային վարչության եւ Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները։ Կարճ ժամանակում Հրազդանի քրեական հետախույզները պարզեցին եղելությունը։ Նախնական տվյալներով՝ ժամը 12:45-ի սահմաններում շինհրապարակում փողային հարցերի շուրջ վեճ էր ծագել, այդ ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակով խփել էր նրա հետ նախկինում աշխատած 65-ամյա մի տղամարդ, որը Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակիչ է:
Հրազդանի ոստիկանների հետագա համագործակցությունը Վարդենիսի բաժնի ծառայողների հետ էր: Նույն օրը՝ երեկոյան ժամը 9-ին մոտ, Փամբակում կասկածվողը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է:
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդ. հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Տուժածը հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել 17-ամյա համագյուղացին: Նա Ուջան համայնքում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տարվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել է 23-ամյա համագյուղացուն:
17-ամյա պատանին եւ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ՔՆՆԻՉԸ
Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցած, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Հոկտեմբերի 24-ին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա եւ Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը Իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը, քննչական երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը և Ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սերգեյ Առաքելյանը ՀՀ վարչապետի կողմից պարգեւատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա եւ Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձի կապակցությամբ կոմիտեի աշխատակիցները պարգեւատրվել են մեդալներով, հուշանվերներով եւ պատվոգրերով: Նկատենք, որ պարգեւ ստացած անձանցից մեկը պատահական մարդ չէ:
Ինչպես հայտնի է, տարբեր պաշտոնատար անձինք Հատուկ քննչական ծառայություն դիմում էին ներկայացրել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցվի քրեական գործ արդարադատության դեմ ճնշումների, դատարանների դռները փակելու եւ այլ գործընթացների մասով: ՀՔԾ մերժել էր պաշտոնատար անձանց դիմումը, իսկ այդ մերժող քննիչը եղել էր երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի հուշամեդալ ստացած Դավիթ Կոստանդյանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ