ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՏՈՆՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-31-ը Հայաստանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովի համար նախատեսված է հատկացնել 308 մլն 904 հազար դրամ, ընդ որում՝ գագաթնաժողովի կազմակերպումը վերապահված է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին, որը, ըստ մամուլի, փոխկապակցված է Երեւանի նախկին քաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ:

 

Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ գագաթնաժողովի բացումը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 28-ին, որի համար անհրաժեշտություն են համարել տարածքի վարձակալություն, կահավորում, տեխնիկական ապահովում եւ սպասարկում, դիմավորման ծառայություններ, ինչպես նաեւ դիմավորողների հագուստ, դիմահարդարում եւ վարսահարդարում: Պայմանագրում նշվում է, թե բացումը վարելու է պրոֆեսիոնալ հաղորդավար:

Ըստ պայմանագրի՝ գագաթնաժողովի անցկացման համար անհրաժեշտ է.

-ճարտարապետական լուսավորության համար լուսատու սարքեր՝ առնվազն 30 հատ,

-լույսերի կառավարման վահանակ՝ թվով 2 հատ,

-ձայնային համակարգ՝ նախատեսված համերգային ծրագրի համար, ինչպես նաեւ հաղորդավարների եւ բանախոսների ելույթների համար, առնվազն 30 KV ձայնային համակարգ տարբեր տեղերում տեղադրելու համար: Բեմահարթակ մոդուլներով՝ առնվազն 100 քմ:

Գագաթնաժողովի աշխատանքային նիստերը եւ փակումը տեղի են ունենալու «Մերիդիան»  էքսպո կենտրոնում, որտեղ մատուցվելու են հետեւյալ ծառայությունները՝

-հիմնական դահլիճի պատրաստում (700 անձի համար)՝ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ,

-երկու փոքր դահլիճների պատրաստում (յուրաքանչյուրը 200 անձի համար)՝ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ,

-նախամուտքի, այդ թվում՝ ընդունելության համար գրանցումների տարածքների ձեւավորում եւ կահավորում,

-տարածքի ներքին բրենդավորում, այդ թվում՝ կահավորում,

-տարածքի արտաքին բրենդավորում,

-լրագրողների համար տարածքների պատրաստում,

-B2B տարածք:

Գագաթնաժողովի համար որպես գույք վարձակալվելու է՝

-սպիտակ բազկաթող՝ 14 հատ,

-բազմոց՝ 22 հատ,

-1100 հատ փափուկ աթոռ,

-30 հատ պուֆեր,

-սպիտակ կամ սեւ 20 հատ բազմոց,

-10 հատ փոքր սեղան,

-12 հատ փոքր սեղան:

Գագաթնաժողովի բացմանը եւ փակմանը կազմակերպվելու են 700 անձի համար հյուրասիրություններ (ձկան տեսականի, տաք սնունդ, մսային եւ բուսական կանապեներ, հյութեր, միրգ, թխվածք)՝ յուրաքանչյուր օրը 600 անձի համար: Աշխատանքային երեք օրերին  տրամադրվելու է սուրճի ընդմիջում՝ յուրաքանչյուր օրը 600 անձի համար: Սպասարկող անձնակազմին եւ կամավորներին տրամադրվելու են լանչ բոքսեր՝ 570 հատ:

Բացի այդ, «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպվելու է մինչեւ 50 անձի դիմավորում եւ ճանապարհում, տրամադրվելու է նաեւ ներկայացուցչական դասի 5 մեքենա: Օրական անվտանգությունը ապահովելու է վեց աշխատակից:

Ինչպես նշեցինք, «Ֆակտորի փրոդաքշն»-ն է զբաղվում կազմակերպչական հարցերով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանն ու Ռուդիկ Տեր-Գալստյանն են, բայց ընկերության ստեղծման, ինչպես նաեւ այժմյան գործունեության մասով ակտիվ դերակատարում ունի Երեւանի նախկին փոխքաղաքապետ, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պորդյուսեր Տիգրան Վիրաբյանը: Վերջերս «շա՜տ պատահականորեն» պետական նշանակության կարեւորագույն ու «յուղոտ» բոլոր միջոցառումները միշտ նույն՝ Հանրային ՀԸ-ի գլխավոր պրոդյուսերի հետ կապվող ընկերությունն է հաղթում:

Օրինակի համար նշենք, որ 2019-ի Ամանորին հենց «Ֆակտորի»-ն է 24 միլիոն դրամով վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնածառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն: 2018-ին էլ «Ֆատկորի»-ին է վստահվել Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը, 2019-ին «Ֆակտորի փրոդաքշն»-ն է կազմակերպել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները, նաեւ Երեւանում կայացած Բռնցքամարտի առաջնությունը: Եվ այստեղ, ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, «բա կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում»»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿԵՂԾ ՆՎԵՐՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում  լուսանկարերով հանդերձ  տեղադրվել է հետեւյալ տեղեկատվությունը.

 

«Հաղարծնի մանկապարտեզի սաները նվերներ են ստացել համագյուղացի Էդվարդ Գուլինյանի կողմից: Փոքրիկների համար իրական տոն է, երբ շատ քաղցրավենիք ու հյութ ունեն: Շնորհակալություն Էդվարդ Գուլինյանին երեխաներին անակնկալ անելու համար»: Համայնքապետարանի ինտենետային  կայքում զետեղված լուսանկարներում պատկերված  հաղարծնեցի 3  փոքրիկների դեմքերին չկա  իրական տոնի զգացողությունը, նրանց դեմքերից տխրություն է կաթում, երեխաների  աչքերը շատ թախծոտ են։ Ո՞ւմ մտահղացումն է մանուկներին ստիպել լուսանկարվել նվեր ստացած քաղցրավենիքի եւ հյութերի հետ. այս երեխաները իրենց տներում քաղցրավենիք ու հյութեր վայելում են, մանկապարտեզում նվեր ստացածից իրենց 7-րդ երկնքում  չեն զգում։ Դիլիջան  համայնքից հայտնեցին, որ համայնքապետարանի ինտերնետային կայքում զետեղված լուսանկարներում պատկերված 3 փոքրիկները  Հաղարծին գյուղի նյութապես ապահովված ընտանիքներից  են,    նվեր  տրված քաղցրավենիքն  ու հյութը ամենեւին էլ  տոնական նորություն չեն նրանց համար։ Փոքրիկ երեխաների մասնակցությամբ այդ լուսանկարները Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը  համացանցի բազմաթիվ օգտատերերի կողմից արժանացել է խիստ քննադատությունների։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել ոչ միայն գյուղաբնակ, այլ նաեւ քաղաքաբնակ չաշխատող մայրերին:

««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Առաջարկում ենք խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է 2023-ի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաների մասով»,-նշել է Խաչատրյանը:

Ընդ որում՝ վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թվականին հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաեւ, եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Խնամքի նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափի նկատմամբ տոկոսային կապով, իսկ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով: Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ կվճարվի խնամքի արձակուրդում գտնվող եւ չգտնվող ծնողների համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

Այսպիսով, 2023 թվականին հունվարի 1-ից եւ դրանից հետո ծնված երեխաների ծնողներին նշանակվելու է խնամքի նպաստ՝ անկախ բնակության վայրի հասցեից: Այսինքն՝ ի տարբերություն գործող կարգավորումների՝ խնամքի նպաստ կնշանակվի նաեւ քաղաքաբնակ չաշխատող մայրերին: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 62 կողմ, 4 դեմ ձայներ:

 

 

 




Լրահոս