ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի մասնագետները վերլուծական հոդված են պատրաստել այն մասին, թե արդյոք Միացյալ Նահանգները կարող է զենք վաճառել Հայաստանին: Հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ.

 

«Այժմ Միացյալ Նահանգները զենքի արտահանմամբ աշխարհում առաջատարն է։ ԱՄՆ-ն զենքի արտահանումը, 2012-2016 թթ. համեմատ, 2017-2021 թթ. մեծացրել է 14 %-ով՝ իր համաշխարհային մասնաբաժինը 32 %-ից հասցնելով 39 %-ի։ ԱՄՆ-ի եւ մեծությամբ զենքի երկրորդ արտահանող Ռուսաստանի միջեւ զենքի վաճառքի ծավալների տարբերությունը զգալիորեն մեծացել է. եթե 2012-2016 թթ. երկու երկրների արտահանումների միջեւ տարբերությունը կազմում էր 34 %՝ հօգուտ ԱՄՆ-ի, ապա 2017-2021 թթ.՝ 108 %։ 2017-2021 թթ. ԱՄՆ-ն սպառազինություն է մատակարարել 103 երկրների:

Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք զենքի վաճառքը վերածվեց ԱՄՆ արտաքին քաղաքականության կարեւորագույն գործիքներից մեկի՝ հիմք դնելով «Նիքսոնի դոկտրինին»։ Ըստ այս դոկտրինի՝ զենքի վաճառքը դիտարկվում էր որպես աշխարհում ազդեցությունը պահպանելու միջոց։ Այդ դոկտրինի որդեգրումը պայմանավորված էր նրանով, որ Նիքսոնը անհանգստացած էր Վիետնամում ամերիկյան ներգրավվածությամբ, քանի որ նրա՝ նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ ԱՄՆ-ն արդեն 4 տարի ներգրավված էր Վիետնամի դեմ պատերազմում՝ տալով 25 հազար զոհ։ Նպատակը, առանց ԱՄՆ համաշխարհային ազդեցության թուլացման, Վիետնամից ամերիկյան զորքերի աստիճանական դուրսբերումն էր, ինչպես նաեւ հետագայում այլ հակամարտություններում, առանց ԱՄՆ զորքերի օգտագործման, ամերիկյան ներկայության ապահովումը։

Միացյալ Նահանգների կողմից զենքի վաճառքը ներկայումս կարգավորվում է 1976 թ. «Ամերիկյան արտահանման վերահսկումների ակտի» միջոցով (ԱԱՎԱ, American Export Controls Act (AECA)): Այս ակտում սահմանվում է, որ Միացյալ Նահանգների նպատակը շարունակում է մնալ պատերազմներից եւ սպառազինության խնդիրներից զերծ աշխարհը, որտեղ ուժի կիրառումը ենթակա է օրենքի գերակայությանը, եւ միջազգային խնդիրները լուծվում են խաղաղ ճանապարհով։ Ըստ այդմ, ակտով թույլատրվում է ԱՄՆ կառավարությանը զենք վաճառել բարեկամական երկրներին, որոնք ունեն բավարար միջոցներ՝ սպառազինելու իրենց ռազմական ուժերը կամ ստանձնելու ծախսերի մեծ մասը՝ առանց իրենց տնտեսությունները չափազանց մեծ բեռի տակ դնելու։ Այնուամենայնիվ, վաճառքի գործընթացը պետք է համապատասխանի ակտում նշված սահմանափակումներին եւ վերահսկման մեխանիզմներին, ԱՄՆ ազգային անվտանգության նպատակներին եւ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։

Բացի զենքի վաճառքի իրավական կարգավորումներից, կա նաեւ քաղաքական բաղադրիչ։ ԱՄՆ զենքի վաճառքի քաղաքականությունը սահմանվում է որոշակի փաստաթղթով՝ «Սովորական սպառազինությունների փոխանցման քաղաքականություն» (Conventional Arms Transfer Policy), որը պարբերաբար թարմացվում է նախագահների կողմից։ Ընդհանուր առմամբ լուրջ փոփոխություններ չեն կատարվում, սակայն կա այս կամ այն չափանիշի շեշտադրման տարբերություն։ Այսպես, ի տարբերություն Նիքսոնի 1995 թ. քաղաքականության, Օբամայի 2014 թ. հրամանագրում մարդու իրավունքների եւ դրանց խախտումների վրա առավել մեծ շեշտադրում էր արվել, մասնավորապես՝ որպես չափորոշիչ նշվում էր, որ ստացող կողմը չպետք է սպառազինությունն օգտագործի մարդու իրավունքների դեմ ոտնձգության կամ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու կամ ահաբեկչության համար՝ դրանով իսկ կանխելով որեւէ ձեւով ԱՄՆ-ի ներքաշումը կամ ասոցացումը նման խախտումների հետ։

ԱՄՆ Կոնգրեսի դերը զենքի վաճառքի հարցում

ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքի գործընթացում հետաքրքրական է Կոնգրեսի դերը, որը կարող է արգելք կիրառել զենքի վաճառքի նկատմամբ ծանուցումից 30, իսկ ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների եւ Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Իսրայելի, Նոր Զելանդիայի դեպքում՝ 15 օրվա ընթացքում: Կոնգրեսի կողմից նման լիազորությունների ձեռքբերումը պայմանավորված էր նրանով, որ նախկինում Նիքսոնի վարչակազմը միակողմանիորեն էր գործել այս հարցում, մասնավորապես՝ Իրան, Սաուդյան Արաբիա եւ Քուվեյթ զենքի փոխադրման ժամանակ։ Դա հետեւեց 1974 թ. Կոնգրեսի կողմից «Օտարերկրյա աջակցության ակտի» Նելսոն-Բինգհեմի ուղղման ընդունմանը, որով նախագահը պարտավորվում էր տեղեկացնել Կոնգրեսին 25 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող զենքի վաճառքի մասին, որից հետո Կոնգրեսը սահմանված ժամկետում կարող էր բանաձեւով արգելափակել վաճառքը։

Ինչ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքին, ապա նմանատիպ իրավական արգելք սահմանված էր 1993 թ. «Զենքերի միջազգային շրջանառության կարգավորումների» ակտի 126-րդ հոդվածի 1-ին կետով, որով Ադրբեջանն ու Հայաստանը ներառված էին այն երկրների ցանկում, որոնց արգելված էր զենք վաճառել։ 126-րդ հոդվածի 1-ին կետը այնպիսի կարգավորում է, որն արգելում է որոշ երկրների համար զենքի եւ պաշտպանական ծառայությունների լիցենզիաների տրամադրումը։ Այնուամենայնիվ, 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո այդ ցանկում կատարվում են լուրջ փոփոխություններ։ Նախ՝ 2002 թ. դրանից դուրս են հանվում Տաջիկստանն ու Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը (Սերբիա, Մոնտենեգրո), իսկ 2003 թ.՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Այդուհետ Հայաստանին եւ Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքի յուրաքանչյուր հարց ենթակա է առանձին քննարկման եւ քննության։

Այսպիսով, իրավական առումով չկա խիստ սահմանափակում Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին զենքի վաճառքի հարցում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգին, ներկայացուցիչներ Լյուկ Կիղքյաշաղյանին, Ամին ֆաղաժին, Նաիրա Զորոյանին։

Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքներին, ներկայացրել իրավունքների շարունակական խախտումներն ու պատերազմական հանցագործությունները, որոնք արձանագրվել են Պաշտպանի արտահերթ զեկույցներում։

Գրիգորյանը խոսել է նաեւ Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող դատավարությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք արհեստական են եւ ավելի շատ նպատակ ունեն ահաբեկելու թե՛ ընտանիքներին եւ թե՛ հայ հասարակությանը։

Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար՝ նշելով, որ շատ կարեւոր է տեղեկացված լինել Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի մասին եւ այն ներկայացնել աշխարհին։

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջեւ:

Նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՊԱՐԵԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը իրավիճակի դիտարկումներ կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու վստահության ձեւավորմանը եւ սահմանային հարցերով հանձնաժողովների աշխատանքին»,- ասված է ԵՄ անվտանգության եւ պաշտպանության հարցերով ծառայության սոցիալական ցանցում:

 

 

 

 

 

ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

«Հետք» առցանց պարբերականի հրապարակած «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» վերտառությամբ հրապարակմամբ դատախազությունը զբաղվում է։

ArmLur.am-ի հարցին, թե Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արդյոք ուսումնասիրում է «Հետք»-ի հրապարակումը, դատախազի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Ուսումնասիրություն է իրականացվում»։

Հրապարակումը, նշենք, բազմաթիվ հարցեր է առաջացրել հասարակության մոտ, ինչին, հուսանք, Գլխավոր դատախազությունը պատշաճ պատասխաններ կտա։

 

 

 

ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐ

Այսօր ՀԱՊԿ անդամները կքննարկեն Հայաստան ուղարկված առաքելության զեկույցն ու Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ ջանքերը. ասված է կազմակերպության երեկվա տարածած հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 28֊ին տեսակապի միջոցով տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել սեպտեմբերի 15-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունից հետո Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքները: Նախատեսվում է նաեւ քննարկել համատեղ ջանքեր՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն տրամադրելու ուղղությամբ»,- նշում է ռազմական դաշինքը:

Պաշտոնական Երեւանը հրապարակավ քննադատում է ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանական ագրեսիային համարժեք չարձագանքելու, Հայաստանին ռազմական օգնություն չտրամադրելու համար:

Արձագանքելով այդ քննադատություններին՝ Ռուսաստանի արտգործնախարարը շաբաթներ առաջ՝ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, ասել էր, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման, եւ որ դրա համար անհրաժեշտ է միայն կազմակերպել Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը:

Առայժմ պաշտոնապես չի հաղորդվել՝ որ երկրներից են լինելու դիտորդները, եւ ինչ մանդատ կարող է ունենալ այդ առաքելությունը: Հայկական կողմը միայն նշել էր, թե ՀԱՊԿ֊ից նախ քաղաքական արձագանք են ակնկալում։ «Նախեւառաջ պետք է հստակ հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում իրավիճակը, որը կա, այն է՝ ագրեսիա Հայաստանի դեմ եւ ներխուժում Հայաստանի սուվերեն տարածք», -այս մասին փոխանցել էին Հայաստանի արտգործնախարարությունից։

 

 

 

 




Լրահոս