Ռազգիլդեեւը կրկին դատարան չի ներկայացել. տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանից պահանջում են ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ նա խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։
2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով ամբաստանյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա. Ռազգիլդեեւը շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ գտնելով ռուսական բազայի տարածքում։ Չնայած Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը, ինչպես նաեւ այդ շրջանում ներգրավված փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս հայտարարել էին, որ դատարանը դրանով խախտում է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, բայց դատավոր Ա. Ղուկասյանն ու Ն. Բեգլարյանը դա խախտում չէին համարում։
Ռազգիլդեեւին դատարան չներկայացնելու պատճառով Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները 2022 թ. ապրիլից դադարեցրել էին դատական նիստերին մասնակցությունը, մինչեւ չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կատարումը։
Գործով վերջին դատական նիստը հոկտեմբերի 24-ին էր. գործի քննության ընթացքում արդեն 3-րդ անգամ գործը մակագրվել է նոր դատավորի, եւ նիստը նշանակվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում։ Նոր դատավորի նշանակմամբ գործով դատաքննությունը վերսկսվում է, եւ դատական նիստերին ամբաստանյալի մասնակցությունը ապահովելու հարցը կրկին օրակարգում էր։ Ռազմաբազայի հրամանատարությունն ու ինքը Ռազգիլդեեւը դատարանին միջնորդել էին՝ դատական նիստին մասնակցությունը կրկին տեսակապով կազմակերպելու հարցով. դատախազն ու պաշտպանը համակարծիք էին, որ տեսակապով եւս հնարավոր է ապահովել մասնակցությունը, մինչդեռ Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը առարկեց միջնորդության դեմ։ Նա վերահաստատեց նախկինում արված հայտարարություններն այն մասին, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը Քրեական դատավարության օրենսգրքի խախտում է. «Դատական քննությունը անցկացվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի՝ դատարան ներկայանալը պարտադիր է»։
Ուշագրավ է, որ ռազմաբազայի ղեկավարությունը դատավարության ողջ ընթացքում ռազգիլդեեւին դատարան չներկայացնելու տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել: Այսպես, 2020թ. հունիսի 18-ին ռազմաբազայի հրամանատարությունը դատարանին է դիմել դատական նիստը ռազմաբազայի տարածքում կամ հեռավար միանալու պայմանով անցկացնելու հարցով՝ վկայակոչելով երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված վիճակը. «Դատավարության մասնակիցների եւ այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջարկվում է դատական գործընթացն անցկացնել բազայի տարածքում տեսակապի միջոցների օգտագործմամբ»։
Իսկ նույն թվականի օգոստոսի 3-ին Ռազգիլդեեւի անունից միջնորդություն է ներկայացվել դատարան, որում, մասնավորապես, վկայակոչվել է համավարակն ու անվտանգության հարցերը եւ նշվել է. «Ես վախենում եմ իմ կյանքի եւ առողջության համար, գտնում եմ, որ իմ նկատմամբ քրեական գործը Շիրակի մարզի դատարանի շենքում քննելու դեպքում ամբողջությամբ չի ապահովվի իմ, վկաների, պահակախմբի կազմում ռուս զինծառայողների անվտանգությունը։ Առավել անվտանգ կլինի գործը քննել բազայի տարածքում կամ տեսակապի ռեժիմով»։
Հետագայում ռազմաբազայի հրամանատարությունը պարբերաբար վերահաստատել է այս դիրքորոշումը տարբեր պատճառաբանություններով։ Պատճառաբանությունների այս բազմաբազանությունն ու չհիմնավորված լինելը վկայում է այն մասին, որ ռազմաբազայի հրամանատարը բացարձակ կամայական ու անհարգալից վերաբերմունք է դրսեւորում Հայաստանի դատարանի հանդեպ։ ՀՔԱՎ-ը նաեւ ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել այն հիմքով, որ պետությունը չի ապահովում կյանքի իրավունքի խախտման փաստի արդյունավետ քննությունը։ Հայկ Հակոբյանը, ի պատասխան դատարանի հարցին, նշել է, որ սրանով խախտվում են տուժողի իրավահաջորդի արդար դատաքննության եւ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, գործի արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունքները, խախտվում են նաեւ մրցակցային դատավարության հիմքերը, կողմերի իրավահավասարությունը, եւ որ դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի քրեական գործով արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու, այն է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի իրավախախտ վարքագծի (դատարանի օրինական պահանջը չկատարելը՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու վերաբերյալ) հետեւանքով է, որ ամբաստանյալը դատարան չի ներկայացվում։ Ամբաստանյալի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց, միջնորդության քննարկումը՝ եւս։ Հաջորդ դատական նիստը կանցկացվի Գյումրիի նստավայրում, քանի որ Մարալիկի նստավայրն ապահովված չէ տեսակապի միջոցով դատական նիստ անցկացնելու հնարավորությամբ։
ԻՐԱՆԻՑ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի առեւանգման գործով Իրանի Հանրապետությունից ծանուցում է ուղարկվել Հայաստանի Հանրապետություն:
Մասնավորապես՝ նախկին պատգամավորի հայրիկի առեւանգման գործով Իրանի Հանրապետությունում կալանավորվել էին երկու անձ: Նրանց մասով Իրանում նախաքննությունն ավարտվել է, եւ գործը մտել է դատարան: Այս ամենի արդյունքում էլ Իրանի Հանրապետությունց նամակ- ծանուցում է ուղարկվել Աժ նախկին պատագամավորին՝ խնդրելով ներկայանալ Իրանի Հանաապետություն եւ մասնակցել իրենց հայրիկի առեւանգման գործով դատական նիստին: Ինչպես հայտնի է, այս տարվա հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առեւանգել են։ Հանցագործությունը բացահայտելու եւ կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ եւ նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։ Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել եւ կատարել են Իջեւանի բնակիչներ, Աժ նախկին պատգամավոր 37-ամյա Սուրեն Մանուկյանը եւ եւս մեկ անձ: Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել եւ այժմ գտնվում են կալանքի տակ: Աժ նախկին պատգամավորի հայրիկի առեւանգման գործով Իրանում եւս երկու քաղաքացի էին կալանավորվել, եւ ինչպես նկատում ենք, նրանց գործողությունների մասով նախաքննության ավարտ է հայտարարվել: Հավելենք, որ Սուրեն Մանուկյանը մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ցավալի դեպք է եղել Վարդենիս քաղաքում: Սոթք գյուղի բնակիչ 58-ամյա Ազատուհի Հակոբյանը, տեղեկանալով, որ ամուսինը եւ փեսան զոհված են, հոկտեմբերի 26-ին՝ ժ.18:00-ին, ինքնասպանություն է գործել՝ քրոջ տանը կից անասնագոմում կախվելով։ Նշենք, որ կինը նախկինում եւս ինքնասպանության փորձ էր կատարել, սակայն հարազատները կարողացել էին փրկել նրա կյանքը: Հոկտեմբերի 2-ին գրել էինք, որ պատերազմի հետեւանքները շարունակում են ցավալի դեպքերի պատճառ դառնալ: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Վարդենիսում 58 տարեկան Ազատուհի Հ-ն տանը խմել է էսենցիա եւ տեղափոխվել հիվանդանոց: Նա փորձել է ինքնասպան լինել: Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նրա այդ քայլի պատճառը եղել է այն , որ տիկնոջ փեսաներից մեկը 44-օրյա պատերազմում զոհվել էր, իսկ, ահա, մյուս փեսան այս տարվա սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման հետեւանքով է զոհվել: Հիշեցնենք, որ սետեմբերի 13-ին Վարդենիս քաղաքի բնակիչը, իմանալով որդու զոհվելու մասին, ինքնասպան էր եղել: Ի դեպ, որդուն դեռեւս չեն հայտնաբերել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾԸ
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Տավուշի փոխմարզպետ, 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Տավուշի մարզպետարանի ծառայողական Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան մի երիտասարդի։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին եւ իր ավտոմեքենայով տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոչ աշխատանքային կիրակի օրը ծառայողական ավտոմեքենայով Երեւանում ծառայողական ի՞նչ գործ ուներ Տավուշի փոխմարզպետը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՐԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Հոկտեմբերի 26-ին ոստիկանություն հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել է, որ հոկտեմբերի 24-ի ժամը 22.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հետ, ապա մեքենայի պատուհանից ատրճանակից երկու կրակոց է արձակել անհայտ ուղղությամբ, ինչն ինքն ընկալել է իր դեմ ուղղված իրական սպառնալիք: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են 48-ամյա կնոջը սպառնացած եւ կրակոց արձակած վարորդի ինքնությունը:
30-ամյա տղամարդը Երեւանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին: Նա հայտնել է, որ նշված միջադեպի ժամանակ մոտը եղել է իր անվամբ հաշվառված 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին: