ԴԱՏ՝ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

 

-Պարո՛ն Բաբաջանյան, մի քանի տարի տեւեց «Խոսրով Հարությունյանը՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական գործը։ Նախորդ տարի հրապարավեց վճիռը, սակայն այն կարծես չի հանգուցալուծվել։ Ինչո՞ւ։

-Նախ՝ հարկ եմ համարում ներկայացնել պատմությունը. Ազգային ժողովի 2019թ. ապրիլի 18-ի լիագումար նիստում, օգտվելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ իմ իրավունքից, հարց եմ ուղղել նախկին բազմաթիվ  պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց՝ տարաբնույթ գերեկամտաբեր գործունեությամբ զբաղվելու արտոնագրեր շռայլելու եւ դրա հետեւանքների մասին, այդ թվում՝ հիշատակել եմ նաեւ Խոսրով Հարությունյանի անունը, քանի որ բազմաթիվ աղբյուրներից տեղեկություններ կան առ այն, որ վերջինս, տարբեր հանրային պաշտոններ զբաղեցնելով, ազատ ժամանակ շատ «էֆեկտիվ» բիզնեսմեն է, այդ թվում՝  ՀԷԿ-երի ոլորտում: Այս սուբյեկտը որոշեց ինձ դատի տալ: Ցավոք, այդ շրջանում ծայրահեղ ծանրաբեռնված լինելով քաղաքական եւ պատգամավորական գործունեությամբ՝ չեմ կարողացել պատշաճ կազմակերպել դատական պաշտպանությունս:

-Եթե չեմ սխալվում, Դուք դժգոհ էիք Արշակ Պետրոսյանից, որը քննում էր այս գործը։

-Այո, գործը քննել է շատերին հայտնի տխրահռչակ «դատավոր» Արշակ Պետրոսյանը, որը հայտնի է, օրինակ,  Վարդգես Գասպարիին «Մարտի 1»-ի գործով դատապարտելով եւ այլ գործերով։ Նա վճռել է՝ հերքում՝ Խոսրով Մելիքի Հարությունյանի վերաբերյալ.

«Հայցվոր Խոսրով Մելիքի Հարությունյանի հայցը բավարարել մասնակի:

Պարտավորեցնել պատասխանող Արման Շամիրի Բաբաջանյանին վճռի օրինական ուժ ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀՀ Ազգային ժողովի առաջիկա նիստի ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում հերքել 18.04.2019թ. ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանի հասցեին հրապարակված, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները՝ հերքման տեքստը սահմանելով հետեւյալ կերպ.

«Հերքում՝ Խոսրով Մելիքի Հարությունյանի վերաբերյալ» խորագրի ներքո հանդես գալ հետեւյալ բովանդակությամբ տեքստով. «18.04.2019թ. ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին ուղղված հարցադրման ժամանակ Խոսրով Մելիքի Հարությունյանի վերաբերյալ հրապարակված փաստացի տվյալները՝ «…Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին պաշտոնյաների, բարձրաստիճան պաշտոնյաներին, … Ձեր հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման, եւ ակնհայտ է, որ այդ ոլորտներում բազմաթիվ օրինախախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել …: Ընդհանրապես այդ պաշտոնյաները այ…, Խոսրով Հարությունյանը,… երբ որ Դուք լիցենզիա էիք տալիս հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ դրանք շարունակում են, ի դեպ, այսօր էլ այդ մարդկանց սեփականության տակ մնալ, …», չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»։

Պատասխանող Արման Շամիրի Բաբաջանյանից հօգուտ հայցվոր Խոսրով Մելիքի Հարությունյանի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ` որպես զրպարտելու միջոցով Խոսրով Մելիքի Հարությունյանի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գումար»։

-Ձեր կարծիքով՝ որքանո՞վ այս վճիռը կարող է փոխել հանրային վերաբերմունքը Խոսրով Հարությունյանի նկատմամբ:

-Հիմա Խոսրով Հարությունյանը ջանք չի խնայում հիշյալ դատական ակտի կատարման ուղղությամբ: Ինձ համար սա չափազանց հասկանալի է. երբ բացակայում է բովանդակությունը, գերակշռող է դառնում ձեւը, եւ հենց այս մոլեգին տոգորն է, որ երեւի պետք է, Խոսրով Հարությունյանի կարծիքով, վերականգնի իր «պատիվը», քանի որ հանրային-քաղաքական գործունեությամբ հեղինակություն վաստակելու հույս չունի:

Նախ՝ անհրաժեշտ եմ համարում վերահաստատել, որ կոնկրետ անձանց եւ նրանց՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության գործած «սխրանքների» կամ կապիտալի մոլեռանդ «վաստակման» մասին փաստերն ու իմ վերաբերմունքը չի կարող փոփոխվել դատավորի լիազորությունները դատավորի երդմանը հակառակ կիրառող մեկի ապօրինի որոշումներով, որոնք դեռ շարունակում է կայացնել, այդ թվում՝ իմ նկատմամբ, քանի որ, ցավոք, մեր նորածին ժողովրդավարությունը դեռ չի կարողացել կենտրոնացնել իր կամքը իրավական քաղաքականության ոլորտում եւ ազատել դատական իշխանությունը այս արատավոր տարրերից:

Միեւնույն ժամանակ, այս հնարավորությունն օգտագործելով, ցանկանում եմ անրադառնալ Խոսրով Հարությունյանի «բարի համբավին» եւ «հեղինակությանը».Այս մարդու առաջին «պետականամետ» գործունեության մասին խոսում է իր «դանոսը» 1988-1990 թթ. ՀԽՍՀ դատախազ Վ. Նազարյանին եւ պարտիական մարմիններին 88-ի շարժման ակտիվիստների վերաբերյալ։

Երկրորդ անգամ նա աչքի է ընկնում որպես աշխարհում միակ եւ անկրկնելի վարչապետ, որը իր ղեկավարած կառավարության, իր կողմից ներկայացված ծրագրին դեմ էր։

Մեր պետության համար կարեւորագույն նշանակություն ունի նրա մասնակցությունը 1998-ի հեղաշրջմանը, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ՀՀ նախագահի լիազորությունները պետք է ստանձներ ՀՀ ԱԺ նախագահը, բայց Բաբկեն Արարքցյանը նույնպես հրաժարական էր տվել։ Եվ սա հենց այն մարդն էր, որ ստանձնի ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը, որպեսզի ՀՀ նախագահի լիազորություններից հրաժարվի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։ Հենց այս սխեմայի, այս իր քաղաքական կամակատարի միջոցով ամբողջ իշխանությունը Ռոբերտ Քոչարյանը կենտրոնացրեց իր ձեռքում:

Երրորդ՝ հիվանդանոցի, հայաստանցիներին կարտոֆիլով յոլա գնալու խորհրդի եւ ունեցվածքի մասին ես չեմ մանրամասնում, քանի որ շատերին են հայտնի իր՝ հանրային պաշտոնյայի աշխատավարձին չհամապատասխանող ունեցվածքի մասին եւ դրա վերաբերյալ իր այն բացատրությունները, որ պաշտոնատար անձ չհանդիսանալու ժամանակահատվածում «արդյունավետ» գործարարությամբ է զբաղվել (թերեւս համոզմունք ունեմ, որ հենց ի պաշտոնե մատուցած ծառայությունների եւ ձեռք բերած կապերի արդյունավետ օգտագործման արդյունքում)։

Կարեւոր է նաեւ հիշատակել նրա՝ իբրեւ նախկին վարչապետի եւ եւս 3-ի անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար: Այստեղ նա փորձում էր հանդես գալ որպես հանրության մեջ հեղինակություն ունեցող մեկը: Այս մոլորությունը հեշտությամբ ցրեց «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ դատական նիստում մերկացնելով նրա իրական էությունը: Ահա այսպիսի կենսագրությամբ անձինք, որոնք հաշտ են եղել Հայաստանի պետականության, ժողովրդավարության եւ ինքնիշխանության կազմաքանդման հետ, այժմ փորձում են իրենց «վերածնունդն» ապահովել՝ հմտորեն օգտվելով հենց այդ ժամանակներում ձեւավորված կոռումպացված, մարդկանց ունեզրկող, իշխանական խմբակի շահեր սպասարկող,  խաղաղ հավաքների մասնակցության համար մարդկանց գնդակահարող իշխանության հետ հանցակից դատական համակարգից:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՀՐԴԵՀԸ ՄԱՐԵԼ Է ԱՆՁՐԵՎԸ

Տավուշի մարզպետարանի ինտերներտային կայքը հայտնում է, որ Իջեւան քաղաքի Գյոկչի հանդամասում առաջացած հրդեհի մարման աշխատանքներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հանձնվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ։ Ըստ ԱԻՆ ինտերնետային կայքի՝ 2022թ. օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 6-ը տեւած հրդեհից  Իջեանում  այրվել է մոտ 13 հա անտառածածկ տարածք, կրակի մարմանը ներգրավվել են ՊՆ մեկ ուղղաթիռ, ԱԻՆ եւ Իջեւանի անտառտնտեսության տասնյակ աշխատողներ։  Հրդեհը մարվեց, երբ  տեւական ժամանակ ոչ անձրեւային եղանակից հետո Իջեւան քաղաքում անձրեւ տեղաց: Մեկ շաբաթ մոլեգնած հրդեհի մարման համար ինչեր է ձեռնարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր մարզպետ Հ. Ղալումյանը՝ ԱԻՆ ինտերնետային կայքը ոչինչ չի հայտնել։

 

 

 

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ

Վերջերս համացանցում    լուսանկարներ  են տեղադրվել, որոնցում պատկերված է, թե ինչպես   հայտնի Ռուստամ Ավագյանը Երկրապահ  կամավորականների միության Տավուշի բաժանմունքի  ղեկավար Վարդան Աթոյանի, լրագրող Թերեզա Ասատրյանի եւ այլոց  հետ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի  առաջնագիծ  է գնացել։   Լրագրող Նաիրի Հոխիկյանը 2022-ի մայիսի վերջին հաղորդում է  ներկայացրել ՀՀ ԱԱԾ, ըստ որի՝ Ռուստամ Ավագյանը  մայիսի սկզբին հրապարակային կերպով սեռական բնույթի հայհոյանքներ ու ատելություն է հնչեցրել Արցախի հայերի, Արցախի պետական խորհրդանիշների եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց հասցեին։ Ռուստամ Ավագյանը նախկինում   հայտարարել  է՝ թե թող «մեր ու մանուկ թուրքի կողմից կոտորվեն, բայց Նիկոլը մնա վարչապետ»։ Փաստական ապացույցների հիման վրա՝ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Ռուստամ Ավագյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներով՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը։ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելուց հետո պարզվել է, որ Ռ. Ավագյանը  2020-ի նոյեմբերին կատարել է նույնատիպ հանցանք՝ կրկին ատելություն եւ հայհոյանք տարածելով Արցախի եւ այնտեղ բնակվող մեր հայրենակիցների հասցեին։ Նույն հոդվածով այդ անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա ներգրավվել է որպես ամբաստանյալ, արդեն մոտ 2 տարի դատական գործընթաց է,  Ռ. Ավագյանը ազատության մեջ է՝   չբացակայելու մասին ստորագրությամբ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս