Կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի՝ «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման մեջ:
Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագրի շարունակության ապահովմամբ, ինչպես նաեւ ծրագրի արդյունավետության բարձրացմամբ։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված, սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր առկա դպրոցների ցանկը՝ հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի եւ այլ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ արդեն իսկ կառուցված, վերակառուցված կամ հիմնանորոգված դպրոցները, ինչպես նաեւ հստակեցնել ծրագրում ընդգրկվող դպրոցները, համայնքները եւ բնակավայրերը՝ հաշվի առնելով համայնքների միավորման գործընթացը։ Այդ կապակցությամբ նախագծի առանձին հավելվածով ներկայացվել են այն դպրոցները, որոնք արդեն իսկ կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել են կամ գտնվում են շինարարական աշխատանքների ընթացքում՝ ՀՀ պետական բյուջեի, Ասիական զարգացման բանկի եւ Համաշախարհային բանկի միջոցների հաշվին։ Փոփոխությունը պայմանավորված է ԱԶԲ-ի կողմից ներկայացված առաջարկով։ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը 368 է, ընդ որում՝ դպրոցների հստակեցման արդյունքում գործող որոշմամբ ներակայացված են դպրոցներ, որոնք այժմ չենք գործում, այդ իսկ պատճառով 437 դպրոցի եւ տարբեր ֆինանսավորման աղբյուրների հաշվին իրականացված եւ իրականացվող կառուցվող կամ հիմնանորոգվող դպրոցների թվի տարբերությունը չի համապատասխանում։ Հաշվի առնելով, որ 2015 -2022 թվականներին իրականացվել են շուրջ 63 դպրոցների կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքներ, ընդ որում՝ որոշները դեռեւս ընթացքի մեջ են՝ հետագա 8 տարում շուրջ 305 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման կանխատեսումը գնահատվում է ոչ իրատեսական։ Այդ կապակցությամբ առաջարկվում է ծրագրի իրագործման ժամկետն ավելացնել 5 տարով՝ մինչեւ 2035 թվական։ Նշված առաջարկության համար հիմք են հանդիսանում նաեւ ֆինանսական գնահատականները։ Մասնավորապես, վերոհիշյալ 63 դպրոցների շինարարության աշխատանքների արժեքը կազմել է 71,765 մլրդ դրամ կամ շուրջ 159,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ծրագրում ընդգրկվող 368 դպրոցների կառուցման կամ վերակառուցման արժեքը՝ ըստ խոշորացած հաշվարկների եւ հիմք ընդունելով ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցների նախահաշվային արժեքները՝ շուրջ 1,678 մլրդ ԱՄՆ դոլար, այսինքն՝ 2022-30 թվականներին անհրաժեշտ կլինի 1,519 մլրդ ԱՄՆ դոլար։ Այդ կապակցությամբ առաջարկվում է ծրագրի գործողության ժամկետը երկարացնել մինչեւ 2035 թվական։ Հաշվի է առնվել նաեւ մինչեւ 2026 թվականը ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող եւս 15 դպրոցների /46-ի շրջանակներում/ շինարարության արժեքները՝ շուրջ 63,7 մլն ԱՄՆ դոլար։
Թեմայի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մինչեւ 2026 թվականը դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման եւ վերակառուցման պլանը եւ հավելել է, որ այս ցանկում ներառված են նաեւ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսված դպրոցները. «2023 թվականի հունվարի 1-ին մենք նախատեսում ենք շահագործման հանձնած լինել 24 դպրոց, 53 մանկապարտեզ, 2024 թվականի հունվարի 1-ին՝ 64 դպրոց, 141 մանկապարտեզ, 2025 թվականի հունվարի 1-ին՝ 57 դպրոց, 144 մանկապարտեզ, 2026 թվականի հունվարի 1-ին՝ 111 դպրոց, 87 մանկապարտեզ, 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 78 դպրոց, 92 մանկապարտեզ. ընդհանուր՝ 337 դպրոց, 521 մանկապարտեզ»:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵՑ
Կառավարությունն իր երեկվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում վերաբաշխում կատարեց 2022-ի բյուջեի մասին օրենքում, որը վերաբերում է Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրով ֆինանսական միջոցներ տրամադրելուն: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ աշխարհաքաղաքական իրադրությունն աշխարհում հանգեցնում է պարենի պակասի եւ գների աճի։ Հայաստանը ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների առումով սերտորեն կապված է ռուսական շուկային: ՀՀ արտաքին եւ փոխադարձ առեւտրի կառուցվածքում ՌԴ մասնաբաժինը 2021-ին կազմել է՝ արտահանում՝ 28%, եւ ներմուծում՝ 37.2%, Պարենային ապրանքներից Հայաստանը ՌԴ-ից ներմուծում է ցորենի 99%-ը, եգիպտացորենի 80%-ը։ Ծրագրով նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում, բացառությամբ Արմավիրի եւ Արարատի մարզերի, մինչեւ 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, մասնավորապես՝ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի եւ դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի եւ դիզելային վառելիքի։ Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ 1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը։ Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով 300 կգ սերմացուի, 250 կգ ազոտական պարարտանյութի եւ շուրջ 70լ դիզելային վառելանյութի չափաքանակներով։ 2022 թվականին ծրագրով նախատեսվում է տրամադրել փոխհատուցում 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար, մասնավորապես՝ 10,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքի դիմաց՝ 1,2 մլրդ դրամ, իսկ չհավաստագրված սերմերով 17,500 հեկտար ցանքի դիմաց 1,225 մլրդ դրամ։
Ընդհանուր առմամբ, փոխհատուցման գումարը 2022 թվականին կկազմի 2,425 մլրդ դրամ։ Ծրագրի բյուջեն 2022 թվականին կկազմի 2 մլրդ 497 մլն 750 հազար դրամ։ Նախագծի ընդունման արդյունքում աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի, մասնավորապես՝ սերմի, պարարտանյութի, դիզելային վառելիքի ձեռք բերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով կավելանան 27,500 հա-ով աշնանացան ցորենի ցանքատարածությունները, ինչպես նաեւ տեղական արտադրության ցորենի ծավալները եւ տնտեսավարող սուբյեկտների եկամուտները, կապահովվի ցորենի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիությունը։