Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը նվիրված էր Եղիշե Չարենցին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Ֆրանկֆուրտի ցուցահանդես-տոնավաճառն իր տեսակի մեջ միջազգային ամենամեծ գրքի հարթակն է, որին Հայաստանը մասնակցում է ավելի քան քսան տարի: Միջոցառմանն այս տարի ներկայացել էին աշխարհի 100 երկրներից ավելի քան 7 հազար մասնակիցներ: Այն հրաշալի առիթ էր հերթական անգամ ցուցադրելու, հանրահռչակելու Հայաստանում եւ արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականությունն ու մշակութային գրավոր ժառանգությունը:
Այս հարթակում ազգային տաղավար ունենալը կարեւոր է նաեւ հայաստանյան գրական գործակալների եւ հրատարակիչների հանդիպումները, պայմանավորվածությունները, հետագա ծրագրերը կյանքի կոչելու առումով: Հայաստանի տաղավարում, ինչպես նաեւ մյուս ազգային տաղավարներում օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին միջոցառման բոլոր օրերի ընթացքում ներկայացվել է «Հայ գրականությունը՝ թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Նախարարությունն այս ծրագրով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական եւ ժամանակակից գրականություն: Այն նպատակ ունի ճանաչելի դարձնել հայ գրականությունը միջազգային հարթակներում: Վերոնշյալ ծրագրի շրջանակում վերջին 4 տարում արտերկրում լույս է տեսել (նաեւ ընթացքում է) 67 գիրք՝ ավելի քան 20 լեզուներով:
Այս անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները եւս հնարավորություն կտան ընդլայնելու թարգմանական ծրագրի աշխարհագրությունը: Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նպատակներն են գրատարածման բնագավառում միջազգային համագործակցությունը, արտերկրում հայ գրականության հանրահռչակումը, գրական դաշտի բոլոր օղակների զարգացումը: Այսպիսով, այն գրական արտադրանքի միջոցով նպաստելու է նաեւ գրական-մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը եւ տարածմանը, ինչպես նաեւ հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման եւ զարգացման համար պայմանների ստեղծմանը:
Նշենք, որ հայկական պատվիրակության կազմում էին «Արի», «Առաջին» գրական գործակալությունները, «Անտարես», «Բուկինիստ», «Նյումեգ», «ԵՊՀ», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», «Վերնատուն» հրատարակչությունները եւ «Զանգակ» գրատունը:
ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը Լեյլայի դերն է կերտել ականավոր ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Մարգարիտ որոնողը» օպերայում, որի առաջնախաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հեղինակավոր Կոլոն թատրոնում:
Այս մասին ասվում է Արգենտինայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Հասմիկ Թորոսյանից զատ, օպերային ներկայացման մեջ ընդգրկված են եղել Ֆերնանդո Ռադոն, Դմիտրի Կորչակը եւ այլք: Ներկայացման ռեժիսորը Միխայիլ Զնանեցկին է, երաժշտական ռեժիսորը՝ Ռամոն Տեբարան:
«Մարգարիտ որոնողները» (Les pՍcheurs de perles) երեք գործողությամբ օպերան Բիզեի առաջին օպերաներից է: Ֆրանսերեն լիբրետտոն՝ Էժեն Կորմոնի եւ Միշել Կարեի։ Առաջնախաղը կայացել է 1863 թվականի սեպտեմբերի 30-ին Փարիզի «Լիրիկ» թատրոնում:
«Մարգարիտ որոնողները» համարվում է Բիզեի լավագույն ստեղծագործություններից մեկը եւ հաճախ բեմադրվում է հեղինակավոր օպերային թատրոններում։ Գոյություն ունեն նաեւ օպերայի մի քանի ձայնագրություններ։ Օպերայի դրվագներից հատկապես հայտնի է Au fond du temple saint զուգերգը։
ԱՆԴՐԱԴԱՐՁ
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, որը մշտապես հայտնվում է հանրության քննադատության կիզակետում, այս անգամ որոշել է հրապարակայնորեն անդրադառնալ իր արտաքինը քննադատող օգտատերերին: Ավելին՝ ArmLur.am-ը նկատեց, որ երգչուհին «Ինստագրամ»-ի «սթորի» բաժնում տեղադրել է լուսանկարներ եւ գրառումներ կատարել: Ակնհայտ է, որ Հռիփսիմեն բավականին ընկճվել եւ զայրացել է իր հասցեին քննադատություններից:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՍՈԲՉԱԿԻՆ
Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Քսենյա Սոբչակի շուրջ ստեղծված իրավիճակը. հաղորդավարուհին ընդգրկված է «Ռոստեկ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովից 11 միլիոն ռուբլի շորթելու վերաբերյալ գործում։ Կուդրյավցեւան հրապարակել է տեսանյութից մի հատված, որում Նիկա Բելոցերկովսկայան Սոբչակի համար «Տարո» քարտերով գուշակություն է անում: Բլոգերը պնդում է, որ լրագրողը պետք է զգուշանա մեծ ներդրումից։ Տեսանյութի վերջում Բելոցերկովսկայան զգուշացնում է Սոբչակին, որ ինքը «օրենքի հետ խնդիրներ կունենա»։ «Մենք չենք անհանգստանում, Քսենիա Անատոլեւնան կղեկավարի ամեն ինչ: Քարտերը չեն ստում», – իր անձնական բլոգում գրել է Կուդրյավցեւան: Հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր, որ Մոսկվայի Տվերսկոյի դատարանը մինչեւ դեկտեմբերի 24-ը կալանավորված կպահի Քսենիա Սոբչակի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովին եւ Tatler-ի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկուն։ Հեռուստահաղորդավարը, ըստ լրատվամիջոցների, Ռուսաստանից մեկնել է Լիտվա։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի արտագնա խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը բարձր է գնահատել գերմանական ակումբից կատալոնական թիմ տեղափոխված լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու որակները։
«Շատ բարդ էր Լեւանդովսկու դեմ խաղալը։ Ես կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն ռմբարկուն է։ Նրա դեմ միշտ պետք է շատ ուշադիր եւ զգոն լինել։ Նա շատ մտածված է գործում, բայց մենք համատեղ ուժերով կարողացանք զրկել Լեւանդովսկուն գոլ խփելու հնարավորությունից»,- Դե Լիգտի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ «Բավարիան» 5-րդ հաղթանակը տարավ խմբային փուլում եւ 15 միավորով C խմբի առաջատարն է։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը դեռ նախորդ տուրում էր ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Երկրորդ տեղն ու մյուս ուղեգիրը ապահովել է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»։ «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։