ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 123

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա, ու պատրաստ է դա վերահաստատել Սոչիում: Երեկ թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝ սեպտեմբերից Հայաստանն աշխատում է ՌԴ-ի հետ, սակայն նույն ՀՀ ղեկավարության եւ տարբեր իշխանական գործիչների կողմից հնչում էին հակառուսական հայտարարություններ, ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր: Դրան զուգահեռ, չնայած սեպտեմբերից բանակցություններ կան, սակայն Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին նաեւ հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Այսինքն՝ մի կողմից բանակցում էր Ռուսաստանի հետ, մյուս կողմից ընդունեց արեւմտյան տարբերակը: Մեկ այլ հանգամանք եւս. Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, դեռ 2018 թվականին հայտարարում էր, թե Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ եւ այլ հարցերում եւս միայնակ որոշում երբեւէ չի կայացնի եւ ամեն ինչ կքննարկի հայ ժողովրդի հետ: Սեպտեմբերից ռուսական կողմի հետ բանակցելն ու այդ մասին չհայտարարելը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է գաղտնի եւ չի կատարում իր խոստումները, հետեւաբար կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ հանրահավաք: Նկատենք՝ Ստեփանակերտում տեղի ունենալիք հանրահավաքն ու ԱԽ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ՝ Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիեւ եւ Վլադիմիր Պուտին հանդիպումից մեկ օր առաջ եւ իր մեջ ակնհայտ մեսսիջներ է պարունակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստից հետո կոշտ հայտարարություն է տարածվելու եւ Հայաստանի իշխանություններին հստակ մեսսիջ է ուղղվելու, որ Արցախի ժողովուրդը դեմ է հարցի կարգավորման ամերիկյան կամ, այսպես ասած, արեւմտյան տարբերակին: Նրանք հայտարարությամբ ամրագրելու են, թե կողմ են միայն ռուսական տարբերակին: Նկատենք՝ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին՝ «Վալդայ» ակումբում ելույթի ժամանակ եւս նշեց. «Եթե հայ ժողովուրդը եւ նրա ղեկավարությունը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որով Ղարաբաղի սուվերենությունը զիջում են Ադրբեջանին, ապա դա հայ ժողովրդի եւ նրա իշխանության ընտրությունն է»:  Եվ նաեւ այս հայտարարություններն ու առկա տարբերակներն են պատճառ դարձել, որ Արցախը որոշել է կոշտ հայտարարությամբ հանդես գալ եւ ներկայացնել իր տեսակետն ու հստակ ասել, որ, բացի ռուսական տարբերակից, որեւէ այլ առաջարկ իրենց համար ընդունելի չէ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին, Հրաչյա Հակոբյանին եւ Վահագն Ալեքսանյանին տեւական ժամանակ անվտանգության աշխատակիցներ են տրամադրած եղել: Նկատենք՝ նախորդ տարին խորհրդարանում բավականին թեժ էր, եւ պարբերաբար բախումներ էին տեղի ունենում իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջեւ: Դրանցից մեկի ժամանակ՝ 2021 թվականի օգոստոսի 25-ին, ակտիվ էր, օրինակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, որը ոտքով հարվածեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին: Մեկ այլ անգամ էլ ծեծկռտուքի ժամանակ դահլիճում այդ ամենին հետեւում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ, ահա, ընդդիմության եւ իշխանության այս եւ մյուս միջադեպերից հետո ուժային կառույցները կապ են հաստատել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ վարչապետի տիկնոջ եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի, ՔՊ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վահագն Ալեքսանյանի հետ եւ հայտնել, որ նրանց պետք է ապահովեն անվտանգության աշխատակիցներով, ասել է թե՝ թիկնապահներ տրամադրեն: «Ժողովուրդ»օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔՊ-ական պատգամավորներին բացատրել են, որ օպերատիվ տվյալներ կան, որ միգուցե որոշ անձինք փորձեն հաշվեհարդար տեսնել իրենց հետ եւ ծեծի ենթարկեն նրանց: Այս ամենից հետո վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորները տեւական ժամանակ անվտանգության աշխատակիցների հսկողությամբ են գնացել ցանկացած վայր եւ միայն մոտ մեկ ամիս առաջ են առանց թիկնապահների շրջում:

 

 

 

«Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն եւ Վահե Բադալյանները ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, թե ինչու նրանք բանակում չեն ծառայել, Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է պատասխանել՝ հիմնավորելով. «Տեղակատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։ Միայն փաստել են, որ եղբայրները բանակում չեն ծառայել: Այսինքն՝ առցանց շահումով խաղերի հաշվին (օնլայն կազինոների) միլիոններ աշխատող եղբայրների՝ բանակում ծառայել-չծառայելու հարցը պետությունը պաշտպանում է «օրենքի տառին համապատասխան»։ Բայց հարցն ունի խիստ բարոյական կողմ. կյանքը ցույց տվեց հատկապես 44-օրյա պատերազմից հետո, որ զոհերն ու վիրավորները հիմնականում չքավոր ընտանիքների երեխաներն են, որոնց ծնողների մտքի ծայրով էլ չի կարող անցնել, որ ինչ-որ մի օր իրենց որդիներին բանակից ազատելու հնարավորություն կունենան։ Իհարկե, դատելով մամուլում հրապարակված տեղեկություններից՝ Բադալյան եղբայրները Մալթայի քաղաքացիներ են, ինչից կարելի է ենթադրել, որ պարտադիր զինծառայությունից կարող էին ազատվել այլ երկրի քաղաքացի լինելու հիմքով, բայց դա թաքցվում է ՊՆ-ում գրեթե «պետական գաղտնիք»-ի նման:

 




Լրահոս