ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոթերոդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է, որ իշխող քաղաքական թիմի հետ շփումներ չունի: «Անձնական բնույթի կապեր կան իմ ընկերների հետ, բայց դրանք խիստ անձնական, այլ ոչ թե քաղաքական բնույթի են: Կուսակցության հետ որեւէ առնչություն չունեմ»,- մեզ հետ զրույցում ասում է նա: Ուլիխանյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության եւ հարակից մի շարք հարցերի շուրջ:

 

-Այս պահին իշխանության կողմից տարվող քաղաքականության մասին ի՞նչ կասեք:

-Ինֆորմացիայի պակաս  կա, ու ասես հանրային պահանջ էլ չի ձեւավորվում այդ ինֆորմացիան բացահայտելու մասով: Ինչ-ինչ արդյունքներ են արձանագրվում, ու հայտարարվում է դրանց մասին, բայց չի նշվում, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ գնով է ձեռք բերում այդ արդյունքները: Իսկ որպեսզի գնահատենք, թե այս կամ այն, այսպես կոչված, ձեռքբերումը դրական է, բացասական է, ընդունելի, թե անընդունելի, պետք է իմանանք, թե դրանց դիմաց ՀՀ-ն ինչ է վճարում: Այս հարցերն ինֆորմացիայի պակասի հետեւանքով են առաջանում, ու հետեւաբար այժմ դժվար է դրանց գնահատական տալ:

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ պետք է հասկանալ, թե Հայաստանն ինչ է ստանում ու ինչի գնով: Աշխարհաքաղաքական զարգացումնե՞րը նկատի ունեք:

-Տեսեք՝ օրինակ՝ «խաղաղության պայմանագրի» մասին է խոսվում, ու դրանից ակնկալվող արդյունքը ոչ պատերազմական իրավիճակն է լինելու: Սակայն ուզում եմ սա նաեւ որպես ուղերձ ասել՝ Հայաստանում կան քաղաքացիներ, որ կարծում են՝ խաղաղությունը պետք է կոնկրետ գին ունենա, ու պետք է իմանանք՝ ինչի դիմաց է խաղաղություն հաստատվելու:

-Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, օրինակ, ասում է, որ Հայաստանը, կարծես թե, ընտրել է բանակցությունների վաշինգտոնյան մոդելը, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախը ներառյալ:

-Այն, ինչ ասում է ՌԴ նախագահը բանավոր մակարդակում, ինձ համար որեւէ նշանակություն չունի, ու սրանով չեմ ուզում նսեմացնել իր՝ որպես քաղաքական գործչի դերակատարումը համաշխարհային քաղաքականության մեջ, այլ ուղղակի նշում՝ իր բանավոր խոսքն ինձ համար որեւէ արժեք չունի: Ինձ համար էական նշանակություն ունեն ՌԴ ռեալ գործողությունները, որոնք, առաջիկայում կերեւա, արվում են, թե ոչ: Ինչ վերաբերում է Արցախի վերաբերյալ քաղաքական իշխանության դիրքորոշմանը, ապա, ըստ իս, դիրքորոշումը բացակայում է: Ո՛չ հստակ հայտարարվում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ո՛չ էլ հստակ հայտարարում է՝ նման բան բացառվում է: Իսկ դիրքորոշում հայտնելուց առաջ պետք է նախ այդ հարցերի պատասխանն իմանալ: Եթե հանկարծ Արցախն Ադրբեջանի մաս կազմելու որոշում կայացվի, ապա ես դրան կընդդիմախոսեմ ու կընդդիմանամ իմ ամբողջ կարողությամբ:

-Նիկոլ Փաշինյանի վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը Ձեզ համար ընկալելի՞ է:

-Դեկլարատաիվ մակարդակով հայտարարվում է, թե ինչ է ակնկալվում, բայց ես չեմ տեսնում՝ ինչ ենք դրա դիմաց տվել: Օրինակ՝ Իրանի հյուպատոսության բացումը արդյոք Կապանում անվտագության վարագո՞ւյր է, թե՞ ոչ: Դա գնահատելու համար նորից տեղեկատվություն է պետք:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՔԱԳԻԾԸ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Կանադա կատարած այցի շրջանակներում հանդիպեցինք Անկախ սենատորների խմբից սենատորներ՝ Ներքին տնտեսության, բյուջեի եւ կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Լյուսի Մոնսիոնի եւ Մարդկային ռեսուրսների ենթահանձնաժողովի նախագահ Ռայմոնդ Սեինթ Ժերմենի հետ։

 

Ջերմ ընդունելության արժանացանք սենատորների կողմից, որոնք, ի դեպ, ֆրանկոֆոններ են։ Քննարկում ծավալվեց կանանց իրավունքների, քաղաքական մասնակցության, բռնության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Գործընկերներիս ահազանգեցի Ադրբեջանի կողմից հայ կանանց խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի մասին, որով Ադրբեջանը ոտնահարում է ոչ միայն մարդկանց հիմնարար իրավունքները, այլեւ միջազգային հումանիտար իրավունքի այն առանցքային դրույթները, որոնց պետությունները պարտավորվել են հետեւել իրենց միջազգային հարաբերություններում։

Սենատորների ուշադրությունը հրավիրեցի Ադրբեջանի հանցավոր վարքագծի վրա, որը Ժնեւյան կոնվենցիաների դրույթների ոտնահարման հերթական օրինակն է.

l Ադրբեջանը թույլ չի տալիս իր ռազմական ագրեսիաների արդյունքում իր օկուպացրած հայկական շրջաններից դուրս բերել հայ զինծառայողների մարմինները,

l Ադրբեջանը թույլ չի տալիս իրականացնել անհայտ կորած հայ զինծառայողների որոնողական աշխատանքները, շրջափակված զինծառայողների դուրսբերումը,

l Ադրբեջանը չի ապահովում իր կողմից գերեվարված հայ զինծառայողների հայրենադարձումը։

Սենատորներ Լյուսի Մոնսիոն եւ Ռայմոնդ Սեինթ Ժերմենը հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցել Հայաստանին այս ծանր իրավիճակում առկա խնդիրների լուծման գործում»։

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մասնակցել է «Վալդայան» ակումբի քննարկումներին եւ մեկնաբանել է միջազգային քաղաքական ասպարեզում տեղի ունեցող հիմնական զարգացումները:

Պատասխանելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասին հայ փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որեւէ ճնշում չի բանեցնի:

Պուտինն ընդգծեց՝ Ռուսաստանը տարիներ շարունակ երկխոսություն է վարել հայկական կողմի հետ եւ առաջարկել է Ղարաբաղի խնդիրը կարգավորել մի տարբերակով, ըստ որի՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձներ 7 շրջաններից 5-ը:

Հսվելենք որ հոկտեմբերի 31-ին Սոչիում պետք է հանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, իսկ երեկ ՀԱՊԿ-ը քննարկեց հայ-ադրբեջանական սահմանային բախումների հարցով գործուղված դիտորդների զեկույցը եւ դրա հիման վրա Հայաստանին օգնելու ջանքերը: Եվ հետաքրքիր է, որ Պուտինի այս հայտարարությունները եղան հենց հոկտեմբերի 27-ին։

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա, եւ պատրաստ է դա հաստատել Սոչիում։

«Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,- նշել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը, «սակայն չի կարող եւ չի պատրաստվում Հայաստանին որեւէ բան թելադրել»։

 

 

 

ԽԻՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը չէր կարող հանձնաժողովի անդամ ընտրվել, այնուհետ նախագահ դառնալ, որովհետեւ դա խիստ ապաքաղաքական մարմին է, ու այնտեղ կուսակցական անձի նշանակումն անկարելի է»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է սահմանադրագետ Վարդան Այվազյանն ու ավելացնում՝ Հովակիմյանն իշխող քաղաքական թիմի անդամ է, ու կուսակցությունից հրաժարվելը չի նշանակում, թե կուսակցական ղեկավարի որոշումներից կաշկանդված չի լինելու կամ դադարում է կուսակցական լինել:

 

 

 




Լրահոս