ՊԵՏՔ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ՃՆՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին Հայաստանում էր գտնվում Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւը, որը հանդիպել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իր զեկույցում Եվրոպական խորհրդարանի զեկուցողն արդեն նշել է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի ինքնիշխան սահմանը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի հետ:

 

-Պարո՛ն Կովաչեւ, Հայաստանում ի՞նչ հանդիպումներ եւ քննարկումներ եք ունեցել:

-Հայաստանում հանդիպել եմ խորհրդարանական իշխող եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին: Նրանց հետ խոսել ենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտի հետեւանքով առկա իրավիճակի, հաջորդ քայլերի, սահմանազատման եւ սահմանագծման, խաղաղության պայմանագրի, Նախիջեւանի ճանապարհի եւ Արցախում հայերի իրավիճակի մասին:  Սա էր հիմնական թեմաները, մյուս կողմից՝ նաեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական հարցերին, Եվրամիության առեւտրի հետ հարաբերություններին, դատական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների վիճակին:

-Ի՞նչ է ներկայացվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի միջեւ առկա իրավիճակի մասին:

-Սա արտացոլված է իմ զեկույցի նախագծում, ըստ որի՝ Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, եւ դա պետք է կանգնեցվի:  Ահա թե ինչու ես ողջունեցի ԵՄ մոնիտորինգային խմբի տեղակայումը Հայաստանում, որն այժմ երկու ամիս մանդատ ունի լինել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Եվ այս հարձակումները պետք է դադարեցվեն, եւ հուսանք՝ նոյեմբերի 3- 4-ից հետո, երբ աշխատանքային խմբերը կհանդիպեն սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերը քննարկելու համար: Հույս ունեմ՝ նրանք համաձայնություն կունենան, թե կոնկրետ իրավաբանորեն որտեղ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը:

-Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է ԵՄ դիտորդական խումբն օգնել Հայաստանին, երբ Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը:

-Եվրոպական միության ավելի շատ ներկայություն է պետք. սա, հուսով եմ, եվրոպական կառույցների միայն առաջին քայլն է՝ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Երկու կողմերը պետք է ավելի վստահ լինեն միմյանց նկատմամբ, հատկապես կոչ պետք է արվի Ադրբեջանին դադարեցնել իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող ատելության հռետորաբանությունը,  հետաքննելու բոլոր դեպքերը, հայերի նկատմամբ բռնությունները: Դրանք շատ անհանգստացնող են, եւ այն տեսանյութերը, որոնք տարածվել են մի քանի շաբաթ առաջ, պետք է ուսումնասիրվեն, հետաքննվեն, եւ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

-Բայց որքան էլ կոչեր են հնչում, Ադրբեջանը շարունակում է իր քայլերը: Ինչո՞ւ, ամեն դեպքում, միջազգային հանրությունը չի կարողանում կանգնեցնել Ադրբեջանին:

-Շատ պարզ է, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի ճնշումը Ադրբեջանի վրա, որ Հայաստանի միջազգային սահմանի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նման խախտումներն անընդունելի են, եւ որ այժմ բանակցությունների ժամանակն է: Երկու տարրերը՝  սահմանի սահմանագծումը, սահմանազատումը եւ  խաղաղության պայմանագրի ստորագրումը, պետք է ընթանան ձեռք ձեռքի տված եւ, որքան հնարավոր է, շուտ: Հուսով եմ՝ մինչեւ այս տարվա վերջ մենք կունենանք սահմանազատված սահման,  ապա՝ նաեւ ստորագրված խաղաղության պայմանագիր:

-Այս իրավիճակում, սակայն, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը:

-Խաղաղությանը այլընտրանք չկա. ես չգիտեմ, թե սա ինչպիսի այլընտրանք կարող է լինել առանց խաղաղության պայմանագրի։ Պատերազմն այլընտրանք չէ: Կարծում եմ, որ հայ հասարակությունը նույնպես կցանկանար ունենալ խաղաղություն, կայունություն եւ կանխատեսելիություն, տնտեսություն, տնտեսական զարգացում, երիտասարդների համար երկրում մնալու հնարավորություն: Սրանք շատ կարեւոր թեմաներ են, որոնք կապված են խաղաղության պայմանագրի հետ։ Այնպես որ, միջազգային հանրությունը, եւ ես հիմա էլի կրկնեմ, պետք է Ադրբեջանին մղի, որ իրենք  են պատասխանատուն: Հիմա Հայաստանի հետ արդար խաղաղության պայմանագիր կնքելով՝ նախ սահմանի սահմանազատման հարցերը,  հետո՝ Արցախում հայերի իրավունքների եւ դեպի Նախիջեւան միջանցքը. սրանք են այն տարրերը, որոնք պետք է քննարկել եւ գտնել փոխադարձ ընդհանուր  լուծումներ երկու կողմերի համար:

-Ամեն դեպքում, ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել Հայաստանի սահմանին, պարբերաբար կրակում են: Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղության:

-Հենց սա է պատճառը, որ մեզ անհրաժեշտ է սահմանի սահմանազատում, եւ թե ինչու է պետք խաղաղության պայմանագիր: Սա այլեւս չի կարող շարունակվել, իսկ Ադրբեջանը դա անում է, քանի որ պատրվակն այն է, որ չգիտեն, թե որտեղ է սահմանը, քանի որ այն պարզ չէ։ Այսպիսով, սահմանի սահմանազատումը խնդրի այս լուծման բավականին կարեւոր տարր է։ Սա լավ է, եւ մենք ողջունում ենք, որ երկու կողմերն էլ համաձայնեցին, որ 1991 թվականի հռչակագրով սահմանված սահմանները բանակցությունների հիմքն են, եւ հույս ունենք, որ նրանք հանդիպեն հաջորդ շաբաթ, նրանք համաձայնության կգան սահմանագծման եւ սահմանազատման հարցերի շուրջ: Դրանից հետո հույս ունենք, որ ադրբեջանական զորքերը հետ կվերադառնան իրենց տարածքները, եւ այդպիսի հանցագործություններ ու հարձակումներ այլեւս չեն լինի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Վարչապետը ողջունել է պարոն Շտոքի այցը Հայաստան եւ կարեւորել ՀՀ ոստիկանության եւ Ինտերպոլի միջեւ համագործակցության հետեւողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում տեղի ունեցող քննարկումները նոր ազդակ կհաղորդեն շուրջ երեք տասնամյակ շարունակվող փոխգործակցությանը, է՛լ ավելի կբարձրացնեն համատեղ աշխատանքի արդյունավետությունը հանցավորության դեմ պայքարում:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության հետ համագործակցության մակարդակը եւ անդրադարձել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերին ու փոխգործակցության օրակարգին:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը: Զրուցակիցները նաեւ անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:

 

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Պոլսո հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ժամանել է Հայաստան։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Պոլսո հայոց պատրիարքն առանձնազրույց են ունեցել։ Առաջիկա օրերին Սահակ պատրիարքը կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին:

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողներին դրամական աջակցության չափ սահմանել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում:

Նշենք, որ 75 հազար դրամի չափով աջակցություն կսահմանվի սպայական կազմի զինծառայողներին, իսկ պայմանագրային եւ զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 հազար դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 հազար դրամ: Այսինքն՝ անցումային շրջանի համար դրամական աջակցություն կվճարվի այն զինծառայողներին, որոնք ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն եւ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվել են երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ:

Իսկ այս տարվա օգոստոսի 29-ի տվյալներով՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով երրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, որոնք նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ: Ի դեպ, այս անձինք ստանալու են նաեւ հաշմանդամություն զինվորական կենսաթոշակ եւ պարգեւավճար:

 

 

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդն երեկ՝ հեռախոսազրույցի ընթացքում, քննարկել են «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ խաղաղության ջանքերի հեռանկարները»: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։

«Եվս մեկ անգամ վերահաստատեցի իմ երկրի հանձնառությունը եւ լիակատար պատրաստակամությունը՝ հասնելու խաղաղության եւ կայունության մեր տարածաշրջանում», – գրել է Ջեյհուն Բայրամովը:




Լրահոս