ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ վարութային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած եւ վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում Մ.Մ.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով զորամասի ողջ անձնակազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 13-ին՝ Արցախի Հանրապետության Վարանդա բնակավայրում տեղակայված զորամասում գտնվելիս, տեղեկանալով բնակավայրի արեւմտյան կողմում գտնվող Կավաք բարձունքի վրա հակառակորդի զինծառայողների ներթափանցման մասին, նույն զորամասի հրամանատարի տեղակալներ Ա.Ա.-ի, Լ.Պ.-ի եւ զորահավաքային զորակոչով զորակոչված երկու զինծառայողների հետ մասին վերջիններիս ավտոմեքենայով գնացել է նշված բարձունքի ուղղությամբ: Չհասած Կավաք բարձունքին` Վարանդա-Տող ավտոճանապարհի եւ Ակնաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կանգնեցրել են ավտոմեքենան, որից հետո սկսել են տեղանքում դիտարկում կատարել, ինչի արդյունքում հիշյալ բարձունքի վրա դիտարկել են հակառակորդի բարձրացող զինծառայողների:
Բացի այդ, ձախ կողմում` Բախտիչ բարձունքի վրա, դիտարկել են հակառակորդի զինծառայողների, որոնց մի մասը միաշարասյուն շարժվել է իրենց ուղղությամբ: Լ.Պ.-ն եւ Ա.Ա.-ն հակառակորդին դիմադրություն ցույց տալու համար դիրքավորվել են ու սկսել են կրակ վարել հակառակորդի ուղղությամբ, իսկ Մ.Մ.-ն հայտնել է, որ վերադառնում է զորամասի մշտական տեղակայման վայր` օգնական ուժեր բերելու պատրվակով: Այնուհետեւ` ժամը 11:00-ից 12:00-ի սահմաններում, հակառակորդի հետ զինված ընդհարման տեղամասը լքելու դիտավորությամբ Մ.Մ.-ն պահեստազորից զորակոչված երկու զինծառայողների հետ միասին վերջիններիս ավտոմեքենայով ուղեւորվել է դեպի զորամասի մշտական տեղակայման վայր, սակայն զորամասից շուրջ 500 մետր հեռավորության վրա պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որից դուրս գալուց հետո թաքնվել է ինչ-որ շինությունում եւ, զորամասի մշտական տեղակայման վայր չգնալով, զանգահարել է Լ.Պ.-ին եւ հայտնել, թե իբրեւ մշտական տեղակայման վայրում գտնվող զինծառայողները հրաժարվել են նրանց օգնության գնալ, որպիսի գործողություններով հակառակորդի հետ ծավալված մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը՝ մեկ օր մնալով թաքստոցում, որից հետո գնացել է Մարտունու շրջանի՝ հակառակորդի առաջխաղացման հակառակ ուղղությամբ: Վերոգրյալ առերեւույթ հանցանքի կատարման համար Մ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասին): Քրեական վարույթի նախաքննությամբ հավաքված ապացույցները գնահատելով եւ հանգելով հետեւության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է, մեղադրյալին եւ պաշտպանին հայտարարվել է քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին, ու կազմվել է մեղադրական եզրակացություն՝ այն քրեական վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին հանձնելու եւ նրա հաստատմամբ դատարան ուղարկելու նպատակով:
ԿԵՂԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս գործով 2019թ. նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով հարուցված վարույթի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ Պ. Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շ.Գ.-ի եւ Գ.Հ.-ի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հերքվել են Պ. Պողոսյանի մահվան անմիջական պատճառ հանդիսացած եւ կյանքի համար վտանգավորության հատկանիշով առողջությանը ծանր վնաս պատճառող մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ վերոնշյալ փորձագետների կողմից արված հետեւությունները: Քրեական վարույթը նախաձեռնվել է՝ Հայաստանի Հանրապետության դատախազության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի հաղորդման հիման վրա, Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ կեղծ եզրակացություն տալը:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՏՐՃԱՆԱԿ
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու բնակիչ, 31-ամյա մի կին տանն ու մեքենայի մեջ ապօրինի պահում է զենք ու թմրանյութ:
Տեղեկությունը ճշտելուց հետո նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 19-ին, դատարանի որոշմամբ, կնոջ տանը կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց ատրճանակի նմանվող առարկա: Հայտնաբերվեցին նաեւ դեղնականաչավուն եւ սպիտակ փոշենման զանգվածներ: Ըստ կնոջ` այդ զանգվածները Մարիխուանա ու կրիստալ են: Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ԱԺ նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա պահանջում է, որ դատարանն ամբողջությամբ Լեւոն Հրաչյայի Սարգսյանին եւ Սուրեն Կորյունի Ղազարյանին արդարացնի կամ գործն ուղարկի համապատասխան դատարան՝ նոր քննության, կամ բեկանի 30.06.2022թ. դատավճիռը եւ Լեւոն Սարգսյանի նկատմամբ նշանակի ավելի մեղմ պատիժ: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, Ալրաղացի Լյովիկին՝ Լեւոն Սարգսյանին դատապարտեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով։ Դատարանն ավելի մեղմ պատիժ սահմանեց, քան պահանջել էր մեղադրող դատախազը։ Նա պահանջել էր Լեւոն Սարգսյանին դատապարտել 11, իսկ Սուրեն Ղազարյանին՝ 9 տարի ժամկետով ազատազրկման։ Պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալներին։
Հիշեցնենք, որ 2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն հանդիսացել է Լեւոն Սարգսյանը։ Լեւոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, իսկ Սուրեն Ղազարյանին՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկի՝ Ալեքսան Պետրոսյանի արդարացման որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանի, արդարացրել է ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին: Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու համար: Նա կալանավորվել էր 2019 թվականի նոյեմբերի 16-ին եւ ազատ արձակվել 2020 թվականի հունվարի 10-ին։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանին ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու եւ հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Համբարձումյանը բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել եւ Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:
Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ