Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու մեծ տաճարի ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքները՝ բարերարներ Վահե եւ Վիգեն Բադալյանների նախաձեռնությամբ ու աջակցությամբ:
Վերականգնողական աշխատանքները, որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։
Եկեղեցու ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերը բարերարների կողմից 2021 թվականին պատվիրվել եւ, համաձայն սահմանված կարգի, ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը։ Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2021թ. հունիսի 4-ին կայացած 4-րդ նիստում քննարկվել է հուշարձանի էսքիզային նախագիծը (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյան) եւ արժանացել դրական եզրակացության:
2022թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն են ներկայացվել արդեն աշխատանքային նախագծերը, որոնք համաձայնեցնելուց հետո լիազոր մարմինը տրամադրել է նաեւ վերականգնողական աշխատանքների թույլտվությունը։ Վերականգնողական աշխատանքների մեկնարկից առաջ անհրաժեշտ էր նաեւ ստանալ մասնագետների խորհրդատվությունը Թալինի Կաթողիկե եկեղեցում պահպանված որմնանկարների պահպանության վերաբերյալ։ Այս հարցում, լիազոր մարմնի խորհրդով, բարերարները համագործակցել են թե՛ տեղացի որմնանկարների վերականգնող մասնագետների, թե՛ Ռումինիայից ու Ռուսաստանից հրավիրված մասնագետների հետ, որոնք նախարարության խնդրանքով տեղում ակնադիտական ուսումնասիրություն են կատարել։ Մասնագիտական կարծիքները վերականգնման աշխատանքներում կլինեն կողմնորոշիչ:
Թալինի Կաթողիկե եկեղեցին 7-րդ դարի վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է, գտնվում է Թալին քաղաքի հյուսիսային մասում: Համալիրը բաղկացած է Կաթողիկե եւ բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից եւ գերեզմանոցից: Կաթողիկե եկեղեցին վերագրվում է Կամսարական իշխանական տանը։ Տաճարի մասին պատմական եւ վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել:
Եռանավ, գմբեթավոր, արեւմուտքից արեւելք ձգված, խաչաձեւ հատակագծով, եռախորան բազիլիկ կառույցի խորաններն արտաքուստ հնգանիստ են: Ավագ խորանի հյուսիսային եւ հարավային կողմերում կառուցված են ավանդատներ, որոնց վերին հարկերը ծառայել են որպես գաղտնարաններ: Աղոթասրահը երկու շարք կամարակալների միջոցով բաժանված է կենտրոնական, բարձր ու լայն նավի եւ երկու կողային թաղածածկ նավերի: Անցումը գմբեթատակ քառակուսուց դեպի թմբուկը իրականացված է չորս առագաստների, իսկ թմբուկից դեպի գմբեթը՝ փոքր տրոմպների (քարե որմածքով բրգաձեւ, կոնաձեւ կամ գնդաձեւ առուցվածքային տարր, որ հիմնականում ծառայում է գմբեթատակ քառակուսուց գմբեթի շրջանաձեւ հիմքին անցնելու համար) միջոցով: Ունի հինգ մուտք՝ մեկը արեւմուտքից, երկուական՝ հյուսիսից եւ հարավից: Կառուցված է սեւ եւ կարմիր սրբատաշ տուֆ քարով:
Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով։ Տաճարի ներսում պահպանված որմնանկարչության մնացորդների պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է եղել, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը: Կաթողիկեն վնասվել է 1840 թ. եւ 1931 թ. երկրաշարժերից: Մասնակի նորոգման եւ ամրակայման աշխատանքներ իրականացվել են 1947 թ., 1970-1975 թթ.:
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
Պարենային անապահովությունը Հայաստանում բարձր է. բնակչության կեսից ավելին պարենային անապահովության վտանգի տակ են։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանի բնակչության մեծամասնությունը ճգնաժամային կամ շոկային իրավիճակների դեպքում պարենի տեսանկյունից անապահով դառնալու վտանգի տակ է:
Ավելին, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից կատարված վերջին՝ «Հայաստանի պարենային անվտանգության եւ խոցելիության» գնահատումն արձանագրում է, որ հետազոտված տնային տնտեսությունների 23 տոկոսը պարենային անապահով վիճակում են, իսկ 56 տոկոսը պարենային ապահովվածության սահմանային շեմին են գտնվում։
Այսինքն՝ 2022 թվականի հունիսի դրությամբ երկրում արձանագրվել է 23.2 տոկոս պարենային անապահովության մակարդակ։ Հայաստանի հյուսիսային շրջաններն ավելի խոցելի են. պարենային անապահովությունը Տավուշի մարզում կազմել է 25 տոկոս, Լոռու մարզում՝ 31 տոկոս, Շիրակի մարզում՝ 35 տոկոս։
Բացի այս, ներկա պահին պարենային անվտանգության իրավիճակի կանխատեսման եւ հնարավոր ռիսկերի վաղաժամ կանխարգելման որեւէ համապարփակ համակարգ երկրում չի գործում։ Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ գերատեսչություններն ու կառույցները ճգնաժամային իրավիճակներին, որպես կանոն, արձագանքում են դրանց արտաքուստ ի հայտ գալուց որոշ ժամանակ հետո։
Եւ հաշվի առնելով վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները՝ COVID 19 համավարակը, արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքները, Լարսի սահմանային անցակետի պարբերաբար փակման եւ մեծ կուտակումների հետեւանքով առաջացող տրանսպորտային միջոցների մատակարարումների խաթարումները, ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները, պարենային ապրանքների միջազգային գների կտրուկ աճը, արտարժույթի փոխարժեքների տատանումները, կառավարությունը որոշել է բարձրացնել երկրի պարենային անվտանգության մակարդակը եւ ունենալ արտակարգ եւ շոկային իրավիճակների գնահատման, կանխարգելման եւ արագ արձագանքման ու կառավարման գործուն համակարգ։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐ
Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից նախկին տարիներին մեծ արտագաղթ է եղել, հարյուրավոր ոսկեպարցիներ բնակություն են հաստատել Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, Վորոնեժում, Կուրսկի մարզի Օբոյան քաղաքում եւ այլուր: Այս տարվա փետրվարին ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժելը Ոսկեպարից սերվածների կյանքում բացասական փոփոխություններ է բերել։ 2022թ. մարտին Ուկրաինայում զոհվեց Ոսկեպարից սերված, ՌԴ Դոնի Ռոստովի բնակիչ, պայմանագրային զինծառայող, մոտ 30 տարեկան տանկիստ Գեւորգ Պապյանը, ում դիակը ճանաչել են ԴՆԹ հետազոտությամբ։ Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո զինծառայության չմեկնելու համար Ռուսաստանից Ոսկեպար են ժամանել մի խումբ երիտասարդ ոսկեպարցիներ։ Նրանց մի մասը հետո վերադարձել է Ռուսաստան։ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Արտոյոմսկ քաղաքից ծագումով ոսկեպարցի 2 ընտանիք, որոնց բնակարանները ավերվել են ուկրաինական հրետանու հարվածներից, Լեհաստանի տարածք են անցել, ապա այնտեղից տեղափոխվել Ռուսաստան։ Բաշկիրիայում բնակվող ոսկեպարցի ընտանիքների 2 երիտասարդներ ծանուցագիր են ստացել ՌԴ բանակ զորակոչվելու, Ուկրաինա ուղարկվելու համար։
ԲԱՂՄԱՆՅԱՆԻ ՀԵՏՔԸ՝ ԲԵՐԴՈՒՄ
Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան կոչվող բարձունքում են գտնվում նախկինում տեղի անտառտնտեսությանը պատկանած, այնուհետեւ տեղի զորամասին տրված մեծ, երկհարկանի շենքից կանգուն մնացած պատերը։ Բերդի բնակիչների վկայությամբ՝ մեծ կառույցը 1990-ական թվականներին՝ Հայկազ Բաղմանյանի՝ Բերդում գնդի հրամանատար եղած ժամանակ, թալանվել, ավերվել է։ Ավելի քան քառորդ դար մեծ շենքն ավերակ վիճակում է։ Բերդ խոշորացված համայնքի բնակիչներն ասում են, որ Բերդում գնդի հրամանատար եղած ժամանակ Հայկազ Բաղմանյանը շահույթ ստանալու համար կտրել է տվել Բերդի տարածաշրջանի անտառների ընկուզենու ծառերը։
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾԵԼ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2022թ. հոկտեմբերի 17-ին որոշում է ընդունել արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության ժամանակ Տավուշի մարզի տնտեսության օբյեկտների գործունեության կայունացման բարձրացման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը եւ հանձնաժողովի միջոցառումների աշխատանքային տարեկան պլանը հաստատելու եւ ՀՀ Տավուշի մարզպետի 2017թ. հունիսի 8-ի թիվ 126-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ