ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱՍԸՆԹԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրանական ձեռագրակազմերի վերականգնման» տեսական եւ գործնական դասընթացի 2-րդ փուլի շրջանակում Մատենադարանի վերականգնողները յուրացրել են իրանական ձեռագրակազմերի, կարի, կապտալների առանձնահատկությունները եւ դրանց վերականգնման նրբությունները: Դասընթացը, որը Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերին նվիրված ծրագրի շարունակությունն է, անցկացվել է 2022-ի հոկտեմբերի 21-29-ը Մատենադարանում:

 

Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն ընդգծեց, որ դասընթացի շրջանակում հյուրընկալել են Իրանից հատուկ հրավիրված անվանի վերականգնող Համիդ Մալեքյանին: «Յուրացնելով նրա փոխանցած հմտությունները՝ մեր մասնագետները դրանք կկիրառեն պրակտիկայում»,-ասաց նա եւ հավելեց, որ Մատենադարանում պահվում է ավելի քան  450  իրանական ձեռագիր, որոնց մեծ  մասի վերականգնման համար պետք է սերտել այդ մշակույթին, ձեռագրարվեստին հատուկ նրբությունները:

Տնօրենը հիշեցրեց, որ մի շարք նախաձեռնություններ են իրականացրել հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, եւ  վստահեցրեց, որ ձեռագրերի վերականգնմանը նվիրված ծրագիրը շարունակական կլինի:

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ շեշտեց, որ վերականգնման բաժնի լավագույն մասնագետին են ընտրել, իսկ Մատենադարանի բաժնի աշխատակիցները փաստում են դա՝ խոսելով երկու փուլով  անցկացվող ծրագրի արդյունավետության մասին:

«Մենք լիահույս ենք, որ կկարողանանք այս ծրագիրն ամենամյա դարձնել, ինչի արդյունքում ոչ մի վնասված ձեռագիր չի մնա Մատենադարանում: Մի քանի օր առաջ Սյունքիում բացվեց  Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որն էլ իր հերթին նոր էջ է բացում հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների մեջ: Այն եւս կարող է խթանել երկու երկրների միջեւ տարատեսակ  կրթամշակութային, գիտական կապերի զարգացմանը»,- շեշտեց Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:

Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանի խոսքով՝ դասընթացը չափազանց հագեցած է եղել: «Մեր մասնագետները որոշ չափով տիրապետում են իրանական ձեռագրերի վերականգնման տեխնիկային, սակայն երբ մասնագետն է ամեն բան ցույց տալիս, մեր գիտելիքներն ավելի են ամրապնդվում: Մեզ համար Համիդ Մալեքյանը «մարդ-նվագախումբ է», որից կարելի է անընդհատ սովորել»,-ասաց Էլիազյանը:

Համիդ Մալեքյանի համար Մատենադարանը մեծ բացահայտում է, եւ նա վատ է զգում, որ այն ըստ արժանվույն գնահատված չէ աշխարհում եւ բավարար ճանաչված չէ: «Մատենադարանը մեծ գանձ է տարածաշրջանում: Ես փորձել եմ աշխատանքների ընթացքը նկարել եւ փոքր ֆիլմով իմ լուման ունենալ Մատենադարանն առավել ճանաչելի դարձնելու գործում»,- ասաց վերականգնողը:

Նա շատ տպավորված է մեր մասնագետներով եւ կարծում է, որ նրանք շատ մեծ պատրաստվածություն ունեն եւ շատ պրոֆեսիոնալ են: Ըստ մասնագետների՝ նման դասընթացները շատ կարեւոր են Մատենադարանի հավաքածուի պահպանման համար, քանի որ Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերն ունեն վերականգնման այլ ավանդույթներ:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ եւ Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ:

 

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ

ՀՀ ժողովորդական արտիստ, սիրված դերասան Հրանտ Թոխատյանը, որը, բացի ստեղծագործական գործունեությունից, ակտիվ մասնակցում էր երկրում կատարվող հասարակական-քաղաքական իրադարձություններին, վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ:

 

ArmLur.am-ը արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում է կապ հաստատել սիրված դերասանի հետ՝ պարզելու համար, թե ինչ գործունեություն է այժմ ծավալում եւ ինչու է լուռ Հրանտ Թոխատյանը հատկապես սեպտեմբերյան վերջին պատերազմից հետո, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հրանտ Թոխատյանը մի շարք մշակութային գործիչների հետ միասին ձեռնամուխ էր եղել կազմակերպել բողոքի ակցիաներ «Շառլ Ազնավուրի» հրապարակում, եւ, բացի այդ, պահանջում էին ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՄԱՍՆԱԿԻՑ

Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարեն: Այս տարվա պատվիրակն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից եւ տարբեր երկրներից:

Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է, եւ այն արդեն իրականություն է դառնում. «Երգը, պարը իմ օրվա անբաժան մասն են: Ես մեծանում եմ՝ ոգեշնչվելով տաղանդավոր արտիստների ստեղծագործություններով:

Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել հենց այս տարի, երբ մրցույթն իմ երկիրն է հյուրընկալում: Ուրախ եմ, որ հանդիպելու եմ տարբեր երկրներից երեխաների իմ հայրենիքում` նրանց ցույց տալով Հայաստանն իր ամբողջ գունապնակով»:

 

 

ՀԱՅՏՆԻ Է ՕՐԸ

Ամանորին ընդառաջ՝ Հանրապետության գլխավոր տոնածառը պատրաստ կլինի դեկտեմբերի սկզբին, իսկ լույսերի հանդիսավոր վառման արարողությանը ներկա կլինեն նաեւ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակիցները:

Հանրային հեռուստաընկերությունում հրավիրված ասուլիսում «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը նշեց, որ Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 5-ին:

«Համագործակցելով Երեւանի քաղաքապետարանի հետ՝ մրցույթին մասնակցող 16 երկրի ներկայացուցիչներին տալիս ենք այս մեծ հնարավորությունը, որպեսզի նրանք բոլորը միասին վառեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Դրանով կլինի թե՛ «Եվրատեսիլ»-ի բացման արարողության, թե՛ մեկշաբաթյա տոնախմբության մեկնարկը»,-ասաց Դավիթ Ծերունյանը:

«Մանկական Եվրատեսիլ»-ը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը հայտնել էր, որ այս տարի Ամանորի գլխավոր տոնածառը ավելի վաղ կվառվի՝ կապված Հայաստանում «Մանկական Եվրատեսիլ»-ի անցկացման եւ մեր երկիր այցելող հյուրերի հետ։

 




Լրահոս