Լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ անցած տարի ԱԺ միջադեպի գործով քննչական կոմիտեում հարցաքննության են հրավիրվել եւ հարցաքննվել են միջադեպի ականատես տարբեր լրատվամիջոցների լրագրողները:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի միջադեպի գործը ԱԱԾ-ն ուղարկել է Քննչական կոմիտե: Ինչպես հայտնի է, անցած տարի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գեւորգյանը պատմել էր, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Դրան, ըստ Գեւորգյանի, մասնակցել են ՔՊ–ական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։

Արդյունքում, ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Քրեական գործը հարուցվեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով` կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Տարեսկզբից ԱԱԾ-ն սկսել է ակտիվ քննչական գործողություններ: Ազգային անվտանգության ծառայությունը գնացել էր ԱԺ եւ հարցաքննել էր միջադեպի մասնակիցի պատգամավորներին, սակայն քրեական գործը 7 ամիս է, ինչ քննվում է ԱԱԾ-ում, եւ որեւէ մեղադրյալ կամ մեղադրյալներ չկան, իսկ հիմա էլ գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե:

Հավելենք, որ ԱԱԾ-ն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին եւս հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել էր որևէ բացատրություն տալ:

Հավելենք, որ ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաեւ Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը եւ Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը:

Ք. Մ.




Լրահոս