ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բելառուսի նախագահի վերջին հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ոչ դաշնակցային-գործընկերային են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»,- նշել է նա:

Լուկաշենկոն օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի հիմա, քանի դեռ իշխանության է Իլհամ Ալիևը, որի հետ, ըստ Լուկաշենկոյի, հնարավոր է բանակցել:

«Հարցը շատ զգայուն ու նուրբ է, այնպես չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն ու մենք՝ ՀԱՊԿ անդամներս ենք, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Երկու երկիրն էլ մեզ բարեկամ են, մենք ԱՊՀ անդամ ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, մենք շատ սերտ կապեր ունենք և՛ քրիստոնյա Հայաստանի, և՛ մուսուլմանական Ադրբեջանի հետ: Ադրբեջանը թշնամի կամ հակառակորդ չէ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար։ Ես հաստատում եմ նախագահ Պուտինի ասածը, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ համար հարազատ պետություններն են, և սա իրադրության յուրահատկություն է, որը մենք չենք կարող անտեսել»,- ասել էր նա:

Իր ելույթում նա նաև զարմանք էր հայտնել, որ Հայաստանը պայքարում է «լեռների համար, որտեղ նույնիսկ այծերը չեն գնում արածելու» ու նշել, որ իր համար անհասկանալի է հայ-ադրբեջանական հակամարտությունը:




Լրահոս