Գերատեսչությունների ղեկավարները հարկ չեն համարում անձամբ գալ խորհրդարան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 31-ից ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Սակայն ուշագրավ է, որ շատ գերատեսչությունների ղեկավարներ հարկ չեն համարել անձամբ գալ եւ ներկայացնել իրենց կառույցներին տրամադրվելիք ֆինանսական հատկացումներն ու անելիքները:

Մինչ այդ մասին խոսելը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզապես հիշեցնում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ասված բյուջեի քննարկումների ժամանակ, երբ նախկին իշխանությունների ներկայացուցիչները եւս անձամբ չէին գալիս խորհրդարան: Օրինակ՝ 2015 թվականի նոյեմբերի 3-ին Փաշինյանն անդրադարձել էր Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բացակայությունների փաստին՝ ասելով. «Մարզպետներին էլ ասեք թող չգան, էդ մարդիկ ավելի հետաքրքիր գործեր ունեն, գալիս են էստեղ, մի ժամ ձանձրանում, հետո ելնում, ասում՝ էսքան տվեցին, էսքան ծախսեցինք»:

Եվ, ահա, հենց իր իշխանության օրոք բյուջեի քննարկումներին չեն մասնակցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, դատախազ Աննա Վարդապետյանը: Եվ սա՝ չնայածհանգամանքին, որ ԱԺ պաշտոնական կայքում հենց այս պաշտոնյաների անուններն էին նշված՝ իբրեւ ներկայացողներ:

Մեկ այլ հանգամանք եւս. Պետաիրավական հանձնաժողովի տիրույթում գտնվող կառույցների բյուջեի քննարկման ժամանակ նախագահող Վլադիմիր Վարդանյանն առհասարակ չհետաքրքրվեց, թե ուր են առաջին դեմքերը, իսկ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նախագահող Անդրանիկ Քոչարյանը համարձակվեց հիշատակել միայն ոստիկանապետի բացակայությունը:

Ուշագրավ է նաեւ, որ նախօրեին իր գերատեսչության հարցի քննարկումից բացակայող Արմեն Փամբուխչյանը երեկ, երբ խորհրդարանում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, գերազանցիկ աշակերտի պես ներկայացել էր խորհրդարան: Նա նստած էր առանց անելիքի եւ ասելիքի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս