ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը վերապահումներով է միացել Ալմա-Աթայի հռչակագրին. ինչ է ենթադրում այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերություններ հաստատելու եւ հաշտության գնալու մասին սկսեց խոսվել, հղում է արվում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Պրահայում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որում ասվում էր. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, դրանով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը, եւ այսօր միջազգայնորեն ընդունված է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին:

Հայաստանն ամեն դեպքում այս հռչակագրին միացել է վերապահումներով. 1992 թվականի փետրվարի 18-ին կայացվել է ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի, Ռուսաստանի (ՌԽՖՍՀ) եւ Ուկրաինայի ստորագրած Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի վավերացման մասին։ Ընդհանուր առմամբ ներկայացված է եղել տասը վերապահում: Դրանցից մեկով, օրինակ, ԳԽ-ն առաջարկել է վերաշարադրել համաձայնագրի 5-րդ հոդվածը, որում նշվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը»։

ԳԽ-ն առաջարկել է այն շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»։

Իսկ Համաձայնագրի 13-րդ հոդվածում նշվում է, որ այն «բաց է ԽՍՀՄ անդամ բոլոր պետությունների առջև», ԳԽ-ն առաջարկել է լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե:

Նկատենք՝ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել ավելի վաղ, քան ընդունվել է այս հռչակագիրը: Այսինքն՝ հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս