Որ տեղեկություններն այսուհետ կհամարվեն պետական գաղտնիք. ԱԱԾ-ն նոր նախագիծ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կարվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԱԾ-ի կողմից առաջարկվում է արդիականացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը: Վերջինս ընդունվել է 1996 թվականին եւ հիմնավորման մեջ նշվում է, որ դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև արդի միջազգային փորձը:

Ավելին, վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի  որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից հիշյալ որոշման մեջ նշված պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա էլ  մշակվել է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը:

Այսպիսով, նախագծով նախ առաջարկվում է  «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»: Այս կապակցությամբ նախագծում այլևս չի կիրառվում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները ևս կդասվեն պետական գաղտնիքի շարքին:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում են պետական գաղտիքին առնչվող հասկացությունների հետևյալ սահմանումները.

1) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկու­թյուններ)` ցանկացած տեղեկություն, արտադրանք կամ նյութ, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան դրոշմագիր (նշում), պաշտպանվում է պետության կողմից և որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը  կամ շահերին,

2) պետական գաղտնիք` Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, արտադրանքը կամ նյութերն են, որոնք սույն օրենքի համաձայն պահպանվում և պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային  անվտանգությանը կամ շահերին,

3) սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն` Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք սույն օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը,

4) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կրիչներ (այդ թվում՝ էլեկտրոնային)` (այսուհետ` նաև տեղեկակիրներ) նյութական օբյեկտներն են, որոնցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների, գործընթացի կամ այլ ձևերով,

5) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածում` պետության պաշտպանության տակ գտնվող և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում կամ հոսակորուստ,

6) հրապարակում` պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկացած ձևով մատչելի դարձնելն է այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն կամ իրավասություն չունեցող անձանց,

7) հոսակորուստ` պետության պաշտպանության տակ գտնվող և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կորուստ,

8) գաղտնագրում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանության նպատակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում,

9) գաղտնազերծում` պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման նկատմամբ օրենքով սահմանված կարգով սահմանափակումների վերացում,

10) գաղտնիության ռեժիմ՝ պետական գաղտնիքի պաշտպանության և պահպանության նպատակով համալիր միջոցառումների ամբողջություն` ուղղված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը կամ հուսակորուստը կանխելուն,

11) պետական գաղտնիքի պաշտպանություն՝ լիազոր մարմնի համակարգմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց ուժերի ու միջոցների կիրառում` ուղղված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, արտադրանքների և նյութերի հրապարակումը և հոսակորուստը կանխելուն,

12) պետական գաղտնիքի պահպանություն` օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպչական, ինժեներատեխնիկական, ծրագրային և այլ անհրաժեշտ միջոցների ու մեթոդների համակարգված կիրառում,

13) գաղտնիության աստիճան՝ տեղեկությունների կարևորությունը, դրանց տարածմամբ հնարավոր հետևանքների առաջացումը և տեղեկության մատչելիության սահմանափակումը բնութագրող ցուցիչ, որով որոշվում են համապատասխան տեղեկության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները,

14) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն՝ ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու և օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրված թույլտվություն,

15) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցներ՝ գաղտնի տեղեկությունների պահպանության համար նախատեսված ինժեներա­տեխ­նիկական, ծրագրային, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների պահպանության արդյունավետության վերահսկմանն ուղղված այլ միջոցներ,

16) գաղտնիության դրոշմագիր` վավերապայման, որը դրվում է տեղեկակիրների և (կամ) դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա և վկայում  է տեղեկակիրներում առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,

17) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործում` այդպիսի տեղեկությունների հավաքումը կամ պահպանումը կամ փոխանցումը կամ գաղտնազերծումը,

18) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվել՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է այդպիսի տեղեկությունների ստեղծման, ամրագրման, համակարգման, հավաքման, վերամշակման, փոխանցման, փոխանակման, տեղափոխման, պահպանման, պաշտպանության, օգտագործման, ծանոթացման, հաշվառման, գաղտնիության աստիճանի փոփոխման, գաղտնազերծման, արխիվացման, ոչնչացման կամ այլ գործողություններ կատարելու հետ,

19) լիազոր մարմին՝ ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմին,

20) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ոչնչացում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասնակի կամ ամբողջական վերականգնման հնարավորության բացառում,

21) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն` այնպիսի կացություն, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն` գաղտնիության աստիճաններին համա­պատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր:

Նախագծով ընդլայնվել են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները: Մասնավորապես պետական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել նաև պետության կողմից քաղաքացիներին, պաշտո­նատար անձանց, կազմակերպություն­ներին տրա­մադրվող արտոնությունների և սոցիալական երաշ­խիքների վերա­բերյալ տեղեկու­թյունները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս