ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» գործող օրենքում փոփոխություններ կարվեն: Այդ նախագին առաջարկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:
Այսպիսով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը կբարձրացվի 2 տարով:
Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետը մինչև 10 տարով երկարաձգելու հնարավորությունը նախատեսել նաև ազգային անվտանգության մարմիններում բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար:
Օրենքի 26-րդ հոդվածում՝ կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերում առաջարկվում է լրացնել նաև ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, պաշտոնից ազատելու դեպքը: Միաժամանակ, կադրերի տրամադրության տակ ծառայողին թողնելու կարգը կսահմանվի ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով, որի համար օրենքով կնախատեսվի համապատասխան լիազորող նորմ: Հստակեցվում են նաև պաշտոնից ազատելու հիմքերը:
28-րդ հոդվածում առաջարկվում է սահմանել սպաների և ենթասպաների պարտադիր ատեստավորման միևնույն պարբերականություն՝ 5 տարին մեկ անգամ: Բացի այդ, նախատեսվում է սահմանել արտահերթ ատեստավորման անցկացման հնարավորություն՝ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ։
47-րդ հոդվածում հստակեցվում են ծառայությունից արձակելու հիմքերը, և որպես ծառայությունից արձակելու հիմք առաջակվում է նախատեսել նաև ծառայողի կողմից դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարելը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Այս դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու նպատակով պարտադիր անցկացվելու է ծառայողական քննություն:
Ն.Հ.