Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է։ Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հացի շուկայում այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է գնաճ։
Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը զգալի թանկացել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, մեկ տարվա ընթացքում սննդամթերքի ոլորտում գնաճը կազմել է 12.5 տոկոս, իսկ հոկտեմբերին սեպտեմբեր ամսվա համեմատ այն թանկացել է 0.3 տոկոսով: Հայաստանի 8 քաղաքներում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.5 տոկոսով, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Երեւանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում ոչ միայն ալյուրն է թանկացել, այլեւ՝ բրինձը, մակարոնեղենը, ձավարեղենը։ Օրինակ, հնդկացորենը (գրեչկա) 23.2 տոկոսով է թանկացել։
Ի դեպ, փաթեթավորված կես գիլոգրամ հնդակացորենի գինը կազմում է շուրջ 800 դրամ, իսկ մեկ կիլոգրամի արժեքը 1600 դրամը գերազանցում է։ Որակյալ բրձնի մեկ կիլոգրամի արժեքը սկսում է 780 դրամից։ Բայց փաթեթավորված բրնձի գինն ավելի բարձր է՝ 900 դրամից սկսած։ Իսկ մակարոնը մեկ տարվա ընթացքում թանկացել է 30.3 տոկոսով։ Նշենք, որ վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ այս տարվա հոկտեմբերին սեպտեմբեր ամսվա համեմատ բրձնի գինը նվազել է 0.4, մակարոնինը՝ 0.3տոկոսով։
Հացն է թանկացել․ ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ հացի գինն աճել է 18.8, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.3 տոկոսով: Կարագի շուկայում եւս գնաճ է արձանագրվել։ Եւ սա այն դեպքում, երբ դոլարի փոխարժեքը ցածր է։
Սովորաբար դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում որոշ ապրանքներ թանկանում են: Խոսքը ներկրվող ապրանքների մասին է։ Բայց մյուս կողմից դոլարի եւ եվրոյի փոխարժեքը շարունակում են ցածր մնալ, իսկ կարագի գինը չին նվազում ու չի նվազում։
Սա, ըստ մասնագետների, վատ է, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ:
Օրինակ, ՎԿ-ն կարագի շուկայում մեկ տարվա ընթացքում գրանցել է 3.3, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 0.2 տոկոսի չափով գնաճ։ Թանկացել է շոկոլադը, մեղրը։ Հրուշակեղենի շուկայում եւս գնաճ է արձանագրվել։ Կաթնամթերքը եւս ամնասն չի մնացել թանկացումից։ Ոչ միայն թարմ կաթի գինն է բարձրացել, այլեւ՝ պանրինը։ Մեկ տարվա ընթացքում պանրի գինը բարձրացել է 22.1 տոկոսով։ Տավարի միսը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ թանկացել է 0.9 տոկոսով․ մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 3500 դրամը, ցլիկի փափուկ մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 5350 դրամով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ ամսվա ընթացքում խոզի, գառան մսի, թռչնամսի գինը թեկուզ չնչին, բայց նվազել է։ Օրինակ, թռչնամսի եւ խոզի մսի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 1.3 տոկոս։ Բայց եթե մեկ տարվա կտրվածքով նայենք, ապա գառան միսը թանկացել է 5.2 տոկոսով։ Ձուն թանկացել է 2.9 տոկոսով։ Շաքարավազի շուկայում գրանցված գնաճը կազմել է 2.6 տոկոս։ Ձեթն է էժանացել՝ 3.3 տոկոսով։ Ցիտրուսային մրգերի գները եւս նվազել են՝ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ 14.6 տոկոսով։
Բանջարեղենի շուկայում հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 3.6, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.5 տոկոս գնաճ:
Սյունէ Համբարձումյան