Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիեւն Իսպանիայից կստանա սպառազինություն, որը թույլ կտա պաշտպանել ուկրաինական երկինքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել Է, որ Իսպանիան Ուկրաինային կփոխանցի Hawk հակաօդային պաշտպանության իր համակարգերից չորսը: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իսպանական Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել Է, որ այդ համակարգերն արդեն երկիր հասնելու ճանապարհին են: «Մենք արդեն կունենանք խոցման միջոցներ, որոնք չեն եղել ո՛չ մարտին, ո՛չ ապրիլին: Այժմ մենք Իսպանիայից ստանում ենք շատ հզոր բաներ, որոնք թույլ կտան պաշտպանել մեր երկինքը»,-Դանիլովն ասել Է համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնան Ռուսաստանի համար:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք: