Արոնյանին փոխարինած Սամուել Սևյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ. Global Championship

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տորոնտոյում մեկնարկել է արագ շախմատի Global Championship մրցաշարի եզրափակիչ փուլը: Մասնակից 8 շախմատիստները մրցել են քառորդ եզրափակիչում:

Մրցաշարին մասնակցելու իրավունք էր ստացել նաև Լևոն Արոնյանը, որը նախորդ փուլում հաղթել էր ԱՄՆ-ը ներկայացնող մյուս հայազգի գրոսմայստեր Սամուել Սևյանին: Սակայն Արոնյանը հրաժարվել է մասնակցությունից և նրա փոխարեն պայքարը շարունակում է Սևյանը:

Նա հաջող է անցկացրել քառորդ եզրափակիչի մրցախաղը հնդիկ Նիհալ Սարինի հետ՝ հաղթելով 2,5-1,5 հաշվով: :

Սամուել Սևյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ: Վերջինս քառորդ եզրափակիչում 2,5-1,5 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հիկարու Նակամուրան և Ուեսլի Սոն: Նակամուրան հաղթել է լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային, իսկ Սոն առավելության է հասել ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ:

Կիսաեզրափակիչները նախատեսված են նոյեմբերի 4-ին և 5-ին, եզրափակիչը՝ 6-ին և 7-ին:

Մրցաշարի հաղթողը կստանա 200 հազար դոլար պարգևավճար: 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը կվաստակի 100 հազար դոլար: 3-4-րդ տեղերը զբաղեցրածները կստանան 50 հազարական, 5-8-րդ տեղերը՝ 25 հազարական դոլար պարգևավճար:




Լրահոս