Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամի սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել դատարան:
Վիգեն Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մարտի 20-ին, ժամը 21:30-ի սահմաններում, միայնակ գնացել է Լորուտ բնակավայրի համայնքային վարչական շենքին հարող տարածք, որտեղ տեսնելով էդգար Մելիքսեթյանին, ավտոմեքենայից վերցնելով իր անվամբ ՀՀ ոստիկանությունում հաշվառված ակոսափող որսորդական հրազենը, ապօրինաբար էդգար Մելիքսեթյակին կյանքից զրկելու դիտավորությամբ առնվազն երկու անգամ կրակել է վերջինիս, որից հետո Էդգար Մելիքսեթյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Հավելենք, որ սպանվածը Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանն էր, իսկ ինչից էր սկսվել վեճը:
Հիշեցնենք, մարտի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Լոռու մարզի Լորուտ գյուղում՝ համագյուղացու տանը, վիճաբանություն էր տեղի ունեցել Էդգար Մելիքսեթյանի ու 19-ամյա Նաիրի Մաթեւոսյանի միջեւ։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել էր իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, ինչից հետո նա էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում հրազենից կրակել էր Է. Մելիքսեթյանի ուղղությամբ, որից հետո վերջինս տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը մահացել էր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քնար Մանուկյան