Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարար. նրան կտրվեն նաև նոր լիազորություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:

Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝

1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) արտաքին գործերի նախարար.
4) գյուղատնտեսության նախարար.
5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
8) քաղաքաշինության նախարար.
9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝

• պետական վերահսկողական ծառայության պետի,
• կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
• նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
• պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
• պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
• ջրային կոմիտեի նախագահի:




Լրահոս