Վարչապետ Նիկոլ Փաշինայնը հայտարարել է, որ Հայաստանը համաձայն է «խաղաղության պայմանագրի», այսպես կոչված, ռուսական տարբերակին, դեմ չէ արևմտյանին ու ընդունելի է համարում Ադրբեջանի առաջարկած 5 կետերը։ Ուստի Փաշինյանն, ըստ էության, ընդունելի է համարում այն ամենն, ինչ իրեն առաջարկում են։ Տեսակետն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանինն է:
Այսպես կոչված ռուսական տարբերակի բովանդակությանն անդրադառնալով` ասում է, որ մինչև այս պահը դրան ծանոթ չենք, խոսվում է միայն որոշ դրույթների մասին՝ կապված Արցախի հետագա կարգավիճակի, ճակատագրի հետ, ինչին նաև օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպանն է անդրադարձել։ «Ռուսական կողմն, ըստ էության, հարցի կարգավորման հետաձգման ճանապարհով է ցանկանում գնալ։
Բայց իրավիճակն այժմ այնպիսին է, որ այդ տարբերակը նաև Հայաստանի շահերից է բխում, ու քանի դեռ Ադրբեջանը մաքսիմալիստական հավակնություններով է հանդես գալիս, խնդրի հանգուցալուծման ցանկացած տարբերակ մեզ համար շահավետ չի կարող լինել։ Անգամ հաղթանակ տարած ժամանակ չկարողացանք խնդրի լուծման մեզ շահավետ տարբերակ գտնել, էլ ուր մնաց այժմ, երբ ամեն բան ավելի անհավանական է թվում, կարողանանք շահած դուրս գալ»,-ասում է նա։
Նախկին պատգամավորն անհեթեթ է համարում քննարկումը, թե «խաղաղության պայմանագրի» համար որ երկիրն է ավելի լավ տարբերակ առաջարկել, որովհետև այսօր լավ տարբերակ չկա։
Սևակ Վարդումյան