
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:
Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները Հայաստանում:
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: